1179 դիտում
13:21 11-04-2015
Բակո Սահակյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 11-ին, ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, որում ասված է.
«Գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում նման կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Դուք իրականացնում եք մեծ աշխատանք՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ: Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում: Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված եւ դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից եւ դարձավ տարագիր` սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ: 1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը եւ արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են:
Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան:
Արցախյան ազատամարտի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ մեկ մարդու պես` պաշտպանելու իր պապենական հողը, հնագույն լեզուն, հավատքն ու մշակույթը, սեփական ձեռքերով կերտելու իր ճակատագիրը:
Համազգային միասնությունն ու համախմբվածությունը եւ հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները եւ կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան:
Հարգելի՛ բարեկամներ,
Վստահ եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ արժանի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
14:30 21-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
2261 դիտում
21:34 13-09-2019
Բակո Սահակյանն ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
706 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
757 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
838 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»