211652_close_icon
views-count1384 դիտում article-date 16:34 09-04-2015

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը

[b]Տիգրան Լիլոյան[/b]. Ապրիլի 7-8-ը կկայանա Ձեր պաշտոնական այցը Մոսկվա։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այցելությունից։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բացի արտաքին քաղաքական համադրման և միջազգային հարթակներում համագործակցության հարցերից, նախատեսում ենք անդրադառնալ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ողջ շրջանակին, մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, մտքեր փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Իհարկե, կքննարկենք ղարաբաղյան կարգավորման թեման։ Նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ։ Նախատեսված են հանդիպումներ քաղաքագետների հետ՝ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության հիմնադրամում, ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությունում։ Համոզված եմ, որ, ինչպես միշտ, բանակցությունները և հանդիպումները կլինեն արդյունավետ՝ ուղղված հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմանը։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Ինչպե՞ս կգնահատեք ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում։ Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մեր ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ամուր կապեր՝ կազմելով այն հզոր հիմքը, որի վրա մենք այսօր ոչ թե սոսկ կառուցում ենք, այլ նոր քարեր ենք ավելացնում մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամուր կառույցին։ Մեր հարաբերությունների ծավալը, ընդգրկումը և բովանդակությունն ինքնին խոսուն են։ Մեր պետությունների ղեկավարների միջև երկխոսությունը ակտիվ, ինտենսիվ բնույթ է կրում։ Ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր գործոն է հանդիսանում։ Մեր երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. ստորագրված են շուրջ 250 համաձայնագրեր, պայմանագրեր։ Մենք պատրաստում ենք նորերը, աշխատում ենք հները թարմացնելու վրա։ Այսօր Ռուսաստանը Հայաստանի առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է, ինչպես նաև՝ հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկան։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2014թ. գերազանցել է 1,4 մլրդ դոլարը։ Ռուսաստանը նաև առաջին ներդրողն է Հայաստանում։ Ռուսական կապիտալ ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ հասնում է 4 մլրդ դոլարի։ Հայաստանում գործում են շուրջ 1400 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է մինչև 2020թ. տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր։ Նման ծրագիր միայն Ռուսաստանի հետ ունենք։ Դրա գոյությունն արդեն իսկ վկայում է մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին՝ միտված դեպի ապագան։ Մեր միջև հաջողությամբ զարգանում է համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տրանսպորտը, կապը, էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային ոլորտը, գյուղատնտեսությունը, և շատ այլ ուղղություններում։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար։ Հաջողությամբ գործում են տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովները, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը։ Մենք կարևորում ենք համագործակցությունը հումանիտար բնագավառում, այդ թվում՝ փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մշակույթը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը: Հաջողությամբ զարգանում է Ռուսաստանի 70 շրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Որքանո՞վ է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունը լրացնում ռուս-հայկական դաշնակցային գործակցությունը։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Արտաքին քաղաքական գործունեության համադրումը իրականացվում է կողմերի միջև ստորագրված համաձայնության հիման վրա։ Համապատասխան մեկամյա և երկամյա ծրագրերը համաձայնեցվում են արտգործնախարարությունների միջև: Տարեկան անցկացվում է մոտ տասը խորհրդակցություն՝ միջազգային և տարածաշրջանային հարցերի ամենալայն շրջանակի շուրջ։ Մեր դիվանագետները անմիջականորեն համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Կա՞ն ռուս-հայկական հարաբերություններում տարաձայնություններ, չլուծված խնդիրներ։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Հաշվի առնելով հարաբերությունների հսկայական ծավալը՝ հարցեր, իհարկե, կարող են լինել։ Բայց դրանք լուծվում են այնպես, ինչպես պետք է լուծվեն դաշնակիցների միջև։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ռուսաստանի դերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Պետք է նշել, որ հենց շնորհիվ Ռուսաստանի ջանքերի, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի տքնաջան աշխատանքի՝ 21 տարի առաջ հաջողվեց հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Չնայած ադրբեջանական կողմի բոլոր փորձերին՝ ձախողելու այն, 1994թ. մայիսի 12-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությունը կողմերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, հնարավորություն տվեց թևակոխել հիմնահարցի քաղաքական կարգավորման փուլ։ Համանախագահները՝ Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ, նախաձեռնեցին հարյուրավոր հանդիպումներ՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով։ Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափով։ Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, շատ են քննադատության ենթարկվում՝ մենք նրանց երբեք անտեղի չենք քննադատում, որովհետև եթե հրավիրել ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին միջնորդելու, ապա պետք է գնահատենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում նրանց ներդրած ջանքերը։ Այստեղ միջնորդների մեղավորությունը չկա, իսկ հարցը կայանում է նրանում, թե ինչպես են կողմերն իրենք վերաբերվում կարգավորման այն առաջարկներին, որոնք նրանց ներկայացնում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը սկզբունքորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրեթե բոլոր առաջարկները ինչպես հիմնահարցի լուծման, այնպես էլ՝ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ Ընդ որում, դիմելով շանտաժի և սպառնալով ուժ կիրառել՝ Բաքուն երբեմն խոսքից անցնում է գործի։ Սա անհեռանկար քաղաքականություն է։ Ս.թ. հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հատուկ հայտարարության մեջ մտահոգություն հայտնեցին բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Բաքվի կողմից հնչող քննադատության կապակցությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները։ Հայաստանը՝ համանախագահների հետ համատեղ, կշարունակի ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Ձեր այցը կայանում է Մեծ Հաղթանակի 70-ամյակի նախաշեմին... [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի, ինչպես նաև Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, ովքեր իրենց վճռական ներդրումն ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում։ Չկա գեթ մեկ հայկական ընտանիք, որին այս պատերազմը շրջանցած լինի։ Շատերն իրենց կյանքը տվեցին՝ հանուն ընդհանուր հաղթանակի, շատերը հերոս դարձան. ավելի քան հարյուր մարդ ստացավ բարձրագույն պարգև՝ Խորհրդային Միության Հերոսի կոչում։ Ոչ միայն Խորհրդային Հայաստանի հայերը, այլև՝ սփյուռաքահայությունը կանգնած էին ֆաշիզմի դեմ պայքարի առաջին շարքերում։ Վառ օրինակ է հանդիսանում Միսակ Մանուշյանը՝ ֆրանսիական դիմադրության առաջնորդներից մեկը։ Կարևոր է հիշել Երկրորդ աշխարհամարտի դասերը, հարգել զոհերի հիշատակը, չմոռանալ այն մարդկանց սխրանքը, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի։ Անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի բացառվի նոր ավերիչ պատերազմների կրկնման հնարավորությունը։ [b]Տիգրան Լիլոյան[/b]. Դուք ավարտել եք ՄԳԻՄՕ-ն, ուղիղ մեկ տարի է՝ ապրիլի 2-ից հանդիսանում եք այդ հեղինակավոր բուհի պատվավոր դոկտոր։ Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանում՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների համաշխարհային ֆորումի շրջանակներում։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Ինձ ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը ես ընդունում եմ որպես հարգանքի տուրք ՄԳԻՄՕ-ի՝ Հայաստանից բոլոր շրջանավարտների հանդեպ, ովքեր այս հեղինակավոր ուսումնական հաստատությունում ստացած գիտելիքները ծառայեցնում են իրենց հայրենիքին, երկրի շահերի պաշտպանությանը և առաջ մղմանը։ Ուրախ եմ, որ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հերթական միջազգային ֆորումը կանցկացվի ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում։ Մոսկվա այցի ընթացքում նախատեսում եմ ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Տորկունովի հետ քննարկել ֆորումի անցկացման կազմակերպչական հարցերը։ Հաշվի առնելով, որ այս տարի մենք նշելու ենք ՄԳԻՄՕ-ի ձևավորման հիմք հանդիսացող երկու ուսումնական հաստատություններից մեկի՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակը, այլ հարցերի թվում Երևանում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումը նվիրված կլինի նաև այս հոբելյանական տարեթվին։ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներն ավելի քան քառասուն հազար փորձագետ - միջազգայնագետներ են՝ վեց տասնյակ երկրներից։ Դա հսկայական ներուժ է, հսկայական ուժ։ Ոչ թե աշխարհը շուռ տալու համար, այլ այն ապագա սերունդների համար ավելի ներդաշնակ, ավելի ապահով, ավելի անվտանգ դարձնելու համար։ Վստահ եմ, որ հենց դրան են նվիրված լինելու քննարկումները՝ Հայաստանում կայանալիք ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների նախատեսվող միջազգային ֆորումի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր