30314 դիտում
20:12 06-04-2015
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. վերջինները մի քանի ծառ արմատախիլ անելով՝ հայտնվել են ձորակում. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտոովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ արմատախիլ անելով մի քանի հաստաբուն ծառեր:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները՝ մի մասը քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով, մի մասն էլ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաներով:
Վիրավորներից մեկին էլ ավտոմեքենայից դուրս են բերել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արկադի Ղումաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+