2711 դիտում
09:34 05-04-2015
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։
Սուրբ Զատիկը տոնելու կարևորագույն նշույլները պահպանվել են և դարերով փոխանցվել սերունդներին: Զատիկ` նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում։
Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի Զատկի տոնի նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:
Ինչ վերաբերում է Մեծ պահքի Ավագ շաբաթվա վերջին օրերին ծոմապահությանը` այն սկսվում է հինգշաբթի երեկոյից և տևում է մինչև շաբաթ երեկո` մինչև պատարագին մասնակցելն ու հաղորդություն ստանալը. եթե մարդն առողջական խնդիրների պատճառով այդքան ժամանակ չի կարող ծոմ պահել, ապա պետք է գոնե շաբաթ օրն առավոտից մինչև հաղորդություն ստանալը ծոմ պահի:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշը: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ժողովրդական ավանդույթների համաձայն, Զատիկին նաև բրձով և չամիչով փլավ, ձկով ուտեստներ են պատրաստվում:
Անցած տարվանից Արարատյան հայրապետական թեմը հիմք դրեց Հարության տոնին անցկացվող կանթեղներով երթին, որն այս տարի ևս տեղի կունենա. հավատացյալները Սուրբ Սարգիս եկեղեցուց 1050 կանթեղներով կշարժվեն Հանրապետության հրապարակ: «Արարատ» երիտասարդաց միության անդամ Դիանա Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց են միանալու նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Նմանատիպ նյութեր
4082 դիտում
09:45 21-04-2019
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը. Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի
3776 դիտում
09:56 17-04-2022
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». Այսօր Սուրբ Զատիկ է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
18425 դիտում
22:32 15-09-2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ