211652_close_icon
views-count3776 դիտում article-date 09:56 17-04-2022

«Քրիստոս հարյավ ի մեռելոց». Այսօր Սուրբ Զատիկ է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 17-ին:

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Նմանատիպ նյութեր