Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը. Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Այսօր՝ ապրիլի 21-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։
Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։