211652_close_icon
views-count1813 դիտում article-date 20:38 04-04-2015

Մայրաքաղաքում բացվել է Անրի Վեռնոյի անունը կրող փողոցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի որդու և աղջկա՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ու ընտանիքի այլ անդամների, ինչպես նաև ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների ու բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Երևանում Անրի Վեռնոյի անունը կրող փողոցի բացման հանդիսավոր արարողությանը: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում մայրաքաղաքի Ամիրյան փողոցն ու Գլխավոր պողոտան: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Անրի Վերնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնության համար` Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար: «Տարիներ շարունակ մեզ համար երազանք էր հորս հայրենիքում նրա անունով փողոց ունենալը: Ու ես շնորհակալ եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով իր իսկ նախաձեռնությամբ կյանքի կոչեց մեզ համար երկար սպասված այս երազանքն ու այսօր ես հնարավորություն ունեմ քայլելու Հայաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող Անրի Վեռնոյի անունը կրող փողոցով»,- ընդգծել է Պատրիկ Մալաքյանը: Անրի Վեռնոյի անվանակիր փողոցի ցուցանակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Պատրիկ Մալաքյանին: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Պատրիկ Մալաքյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցել են նաև ինստիտուտում հիմնված ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը, որը ևս անվանակոչվել է Անրի Վեռնոյի անունով: Դավիթ Մուրադյանն առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի՝ մայրաքաղաքում Անրի Վեռնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությունը, նկատել է, որ ԵԹԿՊԻ համար ևս այն խորհրդանշական է, քանի որ ինստիտուտի հասցեն այլևս Անրի Վեռնոյի անունն է կրում: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևանում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր