211652_close_icon
views-count858 դիտում article-date 16:35 04-04-2015

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ելույթ է ունեցել ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովում

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովին, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 անդամներ, նվիրատուներ, հյուրեր: Միջոցառմանը ելույթ ունեցավ և ներկաներին ողջունեց ՀՀ Սփյուռքի նախարարը։ Նա իր խոսքում անդրադարձավ Սփյուռքում և Հայրենիքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթեց ՀԲԸՄ բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում: Անդրադառնալով Հայասատան-Սփյուռք գործակցության գլխավոր առաջնահերթություններին՝ նախարարն ասաց. «Մեր Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներները հնարավոր է հաղթահարել միասնաբար` համախմբելով համայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողություններն ու հնարավորությունները։ Քիչ չեն Բարեգործականի այն անդամները, որոնք Հայաստանում բիզնես են զարգացնում։ Եվ ուրախ եմ, որ ՀԲԸՄ ղեկավարությունն էլ ակտիվորեն ներգրավվել է այս գործին և խրախուսում է իր անդամներին»։ Խոսելով ներդրումային ծրագրեր ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարը կարևորեց Հայաստանի բանկերում յուրաքանչյուր հայի բանկային հաշիվ ունենալը, ինչպես նաև առաջարկեց սկսել շարժում, որով այլ պետություններում ապրող ամեն մի հայ առնվազն 2-3 տարին մեկ անգամ իր հանգիստն անցկացնի Մայր Հայրենիքում: Որպես երկրորդ առաջնահերթություն նախարարն անդրադարձավ Արցախի անկախության և անվտանգության պահաովմանը` հավելելով, որ այսօր կարևոր առաջընթաց կարելի է համարել այն, որ տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանությունները ճանաչել են ԼՂՀ անկախությունը։ Այս համատեքստում Հ.Հակոբյանը նշեց, որ անհրաժեշտ է շարունակել Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ մեր արդար պայքարը։ Անդրադառնալով Հայոց լեզվի պահպանմանն ու հայեցի կրթությանը, որպես հաջորդ առաջնահերթություն՝ նախարարը շեշտեց. «Աշխարհում ժողովուրդներն իրար նման շատ բաներ ունեն։ Սակայն Երկիր մոլորակի վրա մեկ բան կա, որ միայն մերն է` Հայոց լեզուն, մեր Մայրենին։ Մաշտոցյան ոսկեղենիկը, իրոք, մեր լինելիության և գոյության գլխավոր հենասյուներից մեկն է` արևմտահայերեն և արևելահայերեն ճյուղերով»։ Հ. Հակոբյանը հավելեց, որ ՀԲԸՄ–ն իր բազում ծրագրերի շարքում կարող է ավելացնել օսմանագետների, թուրքագետների, միջազգային իրավունքի մասնագետների պատրաստումը։ Նախարարը խոսեց նաև Հայ եկեղեցու շուրջ համախմբման առաջնահերթության մասին` կարևորելով մեր եկեղեցու ամրապնդումն ու հետագա զորացումը հանուն հայ ոգու և ազգային ինքնության հարատևման։ Իր խոսքում նախարարն անդրադարձավ արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդրին՝ շեշտելով, որ նրանց անվտանգության ապահովումն այսօր համարվում է ամբողջ հայության խնդիրը։ Նա բարձր գնահատեց Բարեգործականի ներդրումն ու օժանդակությունը Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման հարցում` ընդգծելով Միության առանցքային դերը 500–ից ավելի ուսանողների ուսման վարձերի վճարման հարցում։ Իր ելույթում նախարարը խոսեց նաև իսլամացած և ծպտյալ հայերի մասին, նշելով, որ փորձագետների գնահատականով այսօր Թուրքիայում ապրում է 2.5-3մլն հայ, հավելելով նաև, որ Թուրքիայում ինքնության ճգնաժամ է, և մարդիկ սկսել են բարձրաձայն խոսել իրենց ազգային պատկանելության մասին։ «Մենք միասնաբար, նոր նախաձեռնություններով պետք է նպաստենք հզոր և ապահով Հայաստանի, անկախ ու հաղթանակած Արցախի և կազմակերպված Սփյուռքի պահպանմանը,– ասել է նախարար Հրանուշ Հակոբյանը` եզրափակելով իր ելույթը Գրիգոր Նարեկացու հետևյալ խոսքերով,– «Չլինի, որ երկնենք ու չծնենք, ամպենք ու չանձրևենք, ընթանանք ու չհասնենք»։ Այնուհետև նախարար Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին։

Նմանատիպ նյութեր