ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ:
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կարեն Նազարյանը ներկայացրեց ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարևորեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: