Աշակերտները պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի հուշահամալիրում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ: Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահությունն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով: Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից:
Ն. Հովհաննիսյանը նշել է, որ ոչ մի դպրոց չի հրաժարվել: Ընդհակառակը բոլորը հպարտության զգացում են ապրել: Իր հետ զրուցած աշակերտները նույնպես, ըստ նրա, հաճույքով են ընդունել նախաձեռնությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։