211652_close_icon
views-count2290 դիտում article-date 11:20 31-03-2015

Ավագ երեքշաբթի. հիշատակվում է «Տասը կույսերի» առակը

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատվիրաններն աչքի առաջ ունենալը եւ գործելը` ըստ այս խոսքի.«Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ.105) Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը: Տասը կույսերի առակը (Մատթ. ԻԵ 1-13) Տերը գիշերամիջին ծագելու է Հայրական փառքով՝ ինչպես Փեսա՝ ըստ այս խոսքի. «Ինքն ասես Փեսա լինի, որ ելնում է Իր առագաստից» (Սաղմ. ԺԸ 6), և պատրաստներին ներս է մտցնելու, իսկ ծույլերի համար փակելու է արքայության դուռը: Այն, ինչ լինելու է այն ժամանակ, այժմ ավետարանվում է մեզ, որ զգաստ ու արթուն լինենք, այդ պատճառով էլ գրված է. «Այն ժամանակ Երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. ԻԵ 1): Նախ տեսնենք, թե ինչո՞ւ է առակներով խոսում: Ասենք, որ չորս պատճառով: Նախ, որ կատարվի մարգարեությունը. «Առակով պիտի բացեմ բերանն Իմ, սկզբից ևեթ առակներով պիտի խոսեմ» (Սաղմ. ՀԷ 2): Երկրորդ՝ առակով ասված խոսքը հաստատվում է մարդու սրտում: Երրորդ՝ քանի որ տկար է մեր լսողությունը, և ինչպես տեսնելով գիրը՝ նրանում թաքնված խորհուրդն ենք ճանաչում, այդպես էլ առակներով խոսելիս ճանաչում ենք իմաստությունը: Չորրորդ՝ այս կյանքն օրինակն է, իսկ հանդերձյալը՝ ճշմարտությունը, և օրինակի միջոցով ճշմարտությունն ենք հասկանում, ինչպես ասում է առաքյալը. «Արդարև, ի սկզբանե աշխարհի Աստծու աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը, զորությունը և Աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ» (Հռոմ. Ա 20): Այդ պատճառով էլ մեր Տերը երկրի վրա առակներով և օրինակներով խոսեց, իսկ ճշմարտությունը ցույց կտա հանդերձյալում: Այժմ տեսնենք, թե ինչո՞ւ են կույսերը տասը: Կուսությունն այդ ժամանակներում մեծ ու պատվական էր մյուս բոլոր առաքինություններից, ինչը հայտնի է երեք հանգամանքից: Նախ որ՝ քչերն ընտրվեցին և սրբվեցին կուսությամբ, ինչպես Եղիան ու Եղիսեեն Հին Ուխտում, և Հովհաննես Մկրտիչը՝ Նոր Ուխտում, իսկ այլ առաքինություններ մարգարեներից ու առաքյալներից շատերն ունեին: Երկրորդ՝ Ավետարանն ասում է. «Ներքինիներ էլ կան, որոնք Երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի» (Մատթ. ԺԹ 12): Նաև Պողոս առաքյալն է ասում. «Իսկ կույսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպես Տիրոջից ողորմություն գտած մեկի, որ վստահելի է» (Ա Կորնթ. Է 25), կամ՝ «Աղաչում եմ ձեզ, նմանվեցե՜ք ինձ» (Ա Կորնթ. Դ 16): Տասը կույսեր ասելով նկատի ունի բոլոր հավատացյալներին, նաև՝ ամբողջ մարդկային ցեղը, ինչպես նաև՝ չարն ու բարին: Ինչպես մեկ այլ առակում տասը դրամների մասին պատմեց, որից մեկը կորած էր, այսինքն՝ մարդկային ցեղը: Նաև՝ տասը մնասների և տասը քանքարների առակները պատմեց, դրանցով մարդկանց բոլոր շնորհները ցույց տալով: Քանի որ տասը կատարյալ թիվ է և ցույց է տալիս, որ նրանք, ովքեր Աստծուն են նվիրում իրենց անձերը, կատարելապես ունենալով բոլոր առաքինությունները, արժանի են Երկնքի արքայությանը: Երկրորդ՝ աշխարհի մասերը տասն են, և տասներորդը երկինքն է, այսինքն՝ յոթը գոտիները, ապա՝ հաստատությունը, այնուհետև՝ ջրեղեն ու հրեղեն երկինքը, ինչը վեր է բոլոր երկինքներից: Դա ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր մասերից կույսերի համար որպես տեղ պատրաստված է հրեղեն երկինքը, ինչը վեր է, քան ամբողջ աշխարհը: Երրորդ՝ հրեշտակների դասերն ինն են, և մարդը տասներորդն է նրանց թվում, ինչը ցույց է տալիս, որ միայն կույսերն են խառնվելու հրեշտակների դասերին և լրացնելու ընկած հրեշտակների տեղերը, քանի որ կուսության գործը հրեշտակներինն է: Չորրորդ՝ մարդը ունի տասը զգայարան, որից հինգը հոգունն են, հինգը՝ մարմնինը, դրանով են մեր մեջ գործում բարին ու չարը: Եվ ովքեր կույս են և սուրբ տասը զգայարաններով, այսինքն՝ մտքով, հոգով ու մարմնով, նրանք արժանանալու են վերին առագաստին: Այդ պատճառով է հինգին հիմար և հինգին իմաստուն անվանում: Իմաստունները հոգու զգայարաններն են, իսկ հիմարները՝ մարմնինը: Տաս կույսերը նաև խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: Իսկ ի՞նչ են խորհրդանշում լապտերն ու յուղը: Վարդապետներն ասում են, որ լապտերը կուսության շնորհն է: Նախ՝ լապտերը (լույսը) սուրբ է և հստակ, իսկ կուսությունը սրբում է և հստակեցնում մարդու հոգին ու մարմինը: Երկրորդ՝ լապտերը պայծառ է և լուսատու, նաև կուսությունն է պայծառ և լուսավոր դարձնում մարդու միտքը: Երրորդ՝ լապտերը փարատում է խավարը, նաև կուսությունն է փարատում մեղքերի ու անգիտության խավարը: Չորրորդ՝ լապտերը ճանապարհն է ցույց տալիս, իսկ կուսության սրբությունը ցույց է տալիս Երկնքի արքայության ճանապարհը, այդ պատճառով էլ կուսության շնորհը լապտեր է կոչվում: Յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Նախ՝ յուղը լույսի նյութ է, իսկ ողորմությունը նյութ է մշտնջենավոր կյանքի լույսի: Երկրորդ՝ յուղը բոլոր իրերից վեր է բարձրանում, իսկ «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13): Երրորդ՝ յուղը պարարտ է ու զվարթուն, նաև ողորմությունը պարարտացնում է և զվարթացնում հոգին: Չորրորդ՝ յուղն ամենուր անարգել մտնում է, իսկ իր մեջ ոչինչ չի մտնում, այսպես էլ՝ ողորմությունն առանց արգելքների մտնում է Աստծու, սրբերի ու հրեշտակների մոտ և ծածկում ու քավում է բոլոր մեղքերը, իսկ ինքը մեղքերից չի ծածկվում ու պարտվում, ինչպես ասում է Դանիելը. «Քո մեղքերը քավի՜ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դան. Դ 24): Դարձյալ՝ լապտերը կազմված է երեք բաներից, այսինքն՝ յուղից, պատրույգից և լույսից, և եթե դրանցից մեկը պակասի, ապա լապտերը կմարի: Այսպես և հոգու լապտերն է կազմված երեք բաներից՝ կուսությունից, ողորմությունից և դիտավորությունից: Կուսությունը լույսն է, մարդասիրությունը՝ յուղը, իսկ ճշմարիտ դիտավորությունը՝ պատրույգը, և երբ կուսությունը, ողորմությունը և արքայության դիտավորությունն ի սեր Քրիստոսի է արված, ապա դրանցով վառվում է հոգու լապտերը: Դարձյալ՝ ձեթը ողորմություն է աղքատի նկատմամբ, պատրույգը՝ պահքը, ինչով ցամաքում է մարմնի գիջությունը, և հուրը՝ ջերմեռանդ սերն առ Աստված և առ ընկերը, ինչով վառվում է հոգու լապտերը: Իսկ ինչու՞ է Երկնքի արքայությունը փեսայի ու հարսի առակով ցույց տալիս: Հայտնի է, որ Ավետարանում Երկնքի արքայությունը, իր անասանելի բարիքների ու վայելքների պատճառով, երբեմն ընթրիք է կոչվում, սակայն Արքայությունը մարմնավոր ուտելիքի և ըմպելիքի տեղ չէ, այլ՝ հոգևոր ու աստվածային: Այդպես է հրեշտակների համար, ովքեր միշտ կերակրվում են Աստծու իմաստությամբ: Երկնքի արքայությունը նաև Դրախտ է կոչվում, ինչպես ասաց Տերն ավազակին. «Այսօր Ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ 43), այսինքն՝ արքայությունում: Երբեմն էլ Աբրահամի գոգ է կոչվում, քանի որ Ղազարոսը հանգստացավ Աբրահամի գոգում (Ղուկ. ԴԶ 23), իսկ Աբրահամը հավատացյալների հայրն է, և իր որդիները իր հետ են հանգստանում: Իսկ այս դեպքում Երկնքի արքայությունը փեսա ու հարսանիք է անվանում: Հարսանիք է կոչվում երկու պատճառով. նախ՝ Արքայությունը անտրտում ուրախություն է, և երկրորդ՝ քանի որ Աստված Իր ծառաների հետ սիրով է միավորվելու: Եվ գերազանց է Քրիստոսի միավորությունն Եկեղեցու հետ, քան մարմնավոր հարսանիքի դեպքում, ինչպես գերազանց է լույսը խավարից: Քրիստոսի միությունը Եկեղեցու հետ գերազանց է, քան Նրա միությունը հրեշտակների հետ երեք պատճառով: Նախ՝ Քրիստոս նրանց հետ միավորված է այնպես, ինչպես Տերը ծառայի հետ, իսկ Եկեղեցու հետ Քրիստոս միավորվում է ինչպես փեսան հարսի հետ և ինչպես՝ գլուխը անդամների հետ: Երկրորդ՝ հրեշտակների հետ միավորված է, ինչպես այլն այլի հետ, իսկ Եկեղեցու հետ՝ ինչպես բնութենակից ու գոյակից: Երրորդ՝ Քրիստոսի միջնորդությամբ Եկեղեցին միավորվում է Հայր Աստծու և Սուրբ Հոգու հետ՝ ըստ այս խոսքի. «Որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես Դու, Հա՜յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն… Եվ Ես տվեցի նրանց այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես և Մենք մի ենք: Ես՝ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ» (Հովհ. ԺԷ 21-22): Այսպիսի գերազանց միության համար է Երկնքի արքայությունը փեսա ու հարս անվանվում: Իսկ այժմ տեսնենք, թե երբ կույսերը դուրս եկան փեսային ընդառաջ: Թվում է, թե երբ մահացան, կամ երբ հարություն առան գերեզմանից: Սակայն Ոսկեբերանն ասում է, թե երբ հրաժարվեցին այս աշխարհի կյանքից ու գնացին երկնավոր ճանապարհով, երբ ընտրեցին նեղ ու անձուկ ճանապարհը: Երբ աշխարհիկ փափուկ հաճույքներն աղտեղի համարեցին և ցանկացան Երկնքի արքայությունը, երբ ցանկացան Սուրբ Փեսային՝ Քրիստոսին, այդժամ էլ դուրս եկան Փեսային ընդառաջ: «Ովքեր իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմավորելու ելան»: Յուրաքանչյուր մարդ, իր կատարած գործերով, պիտի կանգնի Քրիստոսի ահավոր ատյանի առջև: «Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն»: Իմաստունները հինգն էին, ինչպես իմաստուն են հոգու հինգ զգայարանները, քանի որ բանական են և ցանկանում են հոգևորը, իսկ մարմնի զգայարանները հիմար են, քանի որ ցանկանում են մարմնավորը: Նաև նրանք են իմաստուն, ովքեր հոգևոր և աստվածային կյանքն են ցանկանում ու հասնում են դրան, և հիմար են նրանք, ովքեր մարմնավորն են ցանկանում ու զրկվում հոգևորից: Երկրորդ՝ իմաստուն են նրանք, ովքեր անձի կուսությանն ու սրբությանը ողորմածությունը խառնեցին, քանի որ ոչ միայն պահքով ու աղոթքներով է մարդն իրեն սրբում, այլև աղքատներին ողորմություն տալով՝ ըստ այս խոսքի. «Ողորմությամբ ու հավատով մաքրվում է մեղքը» (Առակ. ԺԵ 27), նաև՝ «Քո մեղքերը քավի՜ր ողորմությամբ» (Դան. Դ 24): Երրորդ՝ իմաստուն են նրանք, ովքեր բարի գործերը հավատի հետ են խառնում, քանի որ. «Մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. Բ 26): Քանզի՝ ինչպես արծիվը երկու թևերով է թռչում, նույնպես և մարդը հավատով և գործով է երկինք բարձրանում: Չորրորդ՝ իմաստուն են նրանք, ովքեր լսում են Փեսայի ձայնը և մտապահում Նրա ասածը. «Ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ» (Օսե Զ 6): Այսինքն՝ Աստծուն առավել հաճելի է ողորմությունը, որ անում ենք աղքատների համար, քան զոհերը, պատարագները և աղոթքը՝ ըստ այս խոսքի. «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13): Հինգերորդ՝ իմաստուն են նրանք, ովքեր նախապես պատրաստեցին լապտերների յուղը, ինչպես մարգարեն է ասում. «Պատրաստեցի և չխռովեցի». սա քաղցածին կերակրելն է, մերկին հագցնելը և այլն: Իսկ հիմար կույսերին այս բոլոր խոսքերը դեմ են, քանզի հիմարություն է սիրել մարմինը, որն անցավոր է, և ատել հոգին, որն անանց է: Երկրորդ՝ հիմարություն է, որ պահեցին կուսության մեծ գործը, սակայն իրենց ընչասիրության պատճառով՝ պոռնիկների հետ դուրս մնացին: Երրորդ՝ դարձյալ հիմար են նրանք, ովքեր իրենց ընկերոջն այստեղ չեն ողորմում, իսկ այնտեղ ընկերոջից ողորմություն են խնդրում: Չորրորդ՝ հիմար են նրանք, ովքեր այստեղ իրենց ինչքերը շատացնում են և այնտեղ մերկ մնում: Հինգերորդ՝ հիմար են նրանք, ովքեր այն ժամին կամեցան ստանալ յուղն ու ողորմությունը, երբ բարություն գտնելու ժամանակը անցել էր, քանի որ այն ժամանակ այլևս ոչ ողորմություն կլինի, ոչ՝ գնել ու վաճառել և ոչ էլ՝ գողանալ: Եվ այդ պատճառով ասում է առաքյալը. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. Զ 2): «Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին»: Անխոհեմները վերցրին ամանները, սակայն ձեթի համար հոգ չտարան, ինչը խորհրդանշում է մարդու մարմինն առանց բարի գործերի: Իսկ խոհեմներն իրենց ամաններով ձեթ վերցրեցին, դրանով իրենց հողանյութ մարմինը կրթեցին արդարության գործերով: «Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան»: Բոլոր մարմինները գերեզման գնացին: Այս խոսքը նաև ցույց է տալիս, որ մինչ Քրիստոսի գալուստը դեռ ժամանակ կա: Երկրորդ՝ աշակերտների համար է ասում, որպեսզի չակնկալեն, թե Քրիստոսի արքայությունը փութով է գալու: Երրորդ՝ իմաստասերներն ասում են, թե մահը հավիտենական քուն է, իսկ քունը՝ առժամանակյա մահ, քանի որ երկու դեպքում էլ՝ թե՜ ննջածների և թե՜ մեռածների զգայարանները խափանվում են: Երկրորդ՝ հոգին առանձնանում է և ինքնըստինքյան ներգործում ինչպես քնի, այնպես էլ մեռած ժամանակ: Երրորդ՝ ինչպես ձայնը հեշտությամբ է արթնացնում քնից, այնպես էլ դյուրին է Քրիստոսի համար միայն ձայնով արթնացնել բոլոր մեռածներին: Ինչպես Ղազարոսին միայն ձայնով կանչեց գերեզմանից և հարություն տվեց, այդպես էլ բոլոր մեռածներին հարություն պիտի տա՝ ըստ այս խոսքի. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան» (Հովհ. Ե 28-29): «Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՜ փեսան գալիս է, նրան դիմավորելո՜ւ ելեք»: Մինչ մարմինները գերեզմանում են, պիտի հնչի հարության փողը և բոլորը պիտի արթնանան: Ասում է «կեսգիշերին», քանի որ այն ժամին, երբ հարություն առավ Քրիստոս, նույն ժամին էլ հարություն են առնելու բոլոր մարդիկ, այսինքն՝ կիրակի օրը՝ գիշերամիջին: Եվ ինչպես Սինա լեռան վրա Աստված իջավ փողի որոտմամբ, հրով ու մեգով, այդպես էլ աշխարհի վախճանին կերևա՝ հրեշտակների փողերով, խոսքերով և որոտումներով, ինչպես ասում է Պողոսը. «Որովհետև Տերն Ինքը, ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածներն առաջինը հարություն պիտի առնեն» (Ա Թես. Դ 15): Առաջին փողերը մարգարեներն էին, միջին փողերը՝ առաքյալներն ու վարդապետները, ովքեր քարոզեցին ամբողջ աշխարհում, իսկ վերջին փողերը հրեշտակների բարբառն է լինելու: «Ահա՜ փեսան գալիս է, նրան դիմավորելո՜ւ ելեք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին»: Քնից արթնացան և լապտերները գործի դրեցին: Իմաստունների լապտերներն այրվում էին, քանի որ յուղ ունեին, իսկ հիմարներինը՝ մարում: «Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե՜ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Այն ժամանակ էին խնդրում, երբ ոչ ոք չէր կարող կատարել: «Իմաստունները պատասխանեցին. «Գուցե թե՜ մեզ և թե՜ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՜ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե՜ք»: Թեպետ իմաստուն կույսերը մարդասեր էին, սակայն չկատարեցին խնդրանքը ու չողորմեցին: Թեպետ հիմարները թախանձագին խնդրեցին, սակայն չստացան յուղը: Սա ցույց է տալիս, որ ժամանակը չէ ողորմելու, ոչ թե չկամության պատճառով, այլ որովհետև ձեռնահաս չեն տալ այն, ինչ խնդրվում է իրենցից: Սա նաև Աբրահամն է ասում մեծահարուստին. «Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել» (Ղուկ. ԴԶ 26): Այդ պատճառով էլ ասացին. «Գնացե՜ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե՜ք»: Իսկ ովքե՞ր են յուղ վաճառողները. աղքատները, մուրացկանները, որբերն ու այրիները, հիվանդները, քաղցածները, ծարավները, կաղերն ու կույրերը: Նրանք են, որ վաճառում են մեզ լապտերի յուղը: Նրանք են մեր հոգիներին գարուն բերում: Նրանք են միջնորդն ու բարեխոսը Տիրոջ առջև դատաստանի օրը: «Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ»: Այսինքն՝ եկավ արդարների խնդությունն ու պարծանքը՝ Քրիստոս: «Ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց»: Հիմարները ցանկանալով տեսնել երկնավոր Առագաստը՝ արհամարհեցին հաճույքները, հրաժարվեցին աշխարհից, պատերազմեցին ցանկությունների դեմ, բայց քանի որ յուղ չունեին, այսինքն՝ ողորմած չէին, Երկնքի արքայության դուռը փակվեց նրանց առջև: «Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՜ր, տե՜ր, բա՜ց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Վերջին վշտերի ու անխուսափելի աղետի ժամանակ Տերը հրեշտակների միջոցով չի խոսում, այլ Ինքն է պատասխան տալիս, որովհետև չի լինելու միջնորդ ու բարեխոս: Եվ կույսերը մեծագույն տանջանք կրեցին, քանի որ Տիրոջ ձայնը լսեցին, բայց դեմքը չտեսան: «Ճշմարիտ եմ ասում ձեզ»: Այսինքն՝ «Ստույգ ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»: Պետք է իմանալ, որ մարդը չորս պատճառով չի ճանաչվում: Նախ երբ փոխված է լինում երեսի գույնը, որն առաջ սպիտակ էր, իսկ հետո՝ սև: Այսինքն՝ նրա հոգին առաջ սպիտակ էր, իսկ հետո մեղքերից սևացավ, և Քրիստոս նրան չճանաչեց: Երկրորդ՝ եթե մեկը ծածկի իր երեսը, ոչ ոք նրան չի ճանաչի: Այսինքն՝ եթե մեկը ծածկի իր երեսը և չխոստովանի, Քրիստոս նրան չի ճանաչի, քանի որ մեղքը նման է ածուխի, որը հողի տակ չի ապականվում, իսկ հողի վրա քայքայվում է արևից ու անձրևից: Այդպես էլ՝ եթե մեր մեղքերը ծածկենք ու չխոստովանենք, այն ամենևին չի քայքայվի, իսկ եթե հայտնենք՝ անմիջապես կջնջվի: Երրորդ՝ եթե նախկին նշանը փոխվի, նրան ոչ ոք չի ճանաչի: Այդպես էլ՝ եթե մեկը փոխի հավատը և ուրանա Քրիստոսին, ո՜չ Քրիստոս նրան կճանաչի, ո՜չ էլ՝ հրեշտակները: Չորրորդ՝ երբ մեկը մանուկ հասակում գնա օտար երկիր և մինչև ծերություն մնա այնտեղ, նրան ոչ ոք չի կարող ճանաչել: Այսպես էլ՝ եթե մեկն օտարանա Աստծու պատվիրաններից, իր մանկության օրերից մինչև ծերություն, Աստված նրան չի ճանաչի: Արդ՝ հիմար կույսերը մանկությունից ի վեր պահեցին կուսությունը, սակայն մարած լապտերներով, ամոթալից երեսներով և մթնած աչքերով գլխիկոր գնացին, քանի որ իրենց ընկերոջ նկատմամբ ողորմած չեղան:

Նմանատիպ նյութեր