617 դիտում
15:55 27-03-2015
Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները
Այսօր "Հայելի" մամուլի ակումբում ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը ներկայացրել է ոլորտում առկա նորամուծությունները, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտի տնօրենների հավաստագրման նոր կարգը: Ըստ բանախոսի` դեռևս նախորդ տարի նախարարությունը, կառավարման հմտությունների վրա շեշտադրում անելով, նախաձեռնել է տնօրենների ընտրության նոր մեխանիզմ` հավաստագրում: "Հավաստագրվելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենները:
Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն երաշխավորվել են վերապատրաստող կազմակերպությունները, որոնք տնօրենների կամ տնօրենների թեկնածուների վերապատրաստման ծրագրերի պայմանների վերաբերյալ արդեն տարածել են համապատասխան հայտարարություններ: Առաջիկա վերապատրաստումներին հիմնականում կմասնակցեն անժամկետ պայմանագրերով աշխատող պետական ուսհաստատությունների տնօրենները, ովքեր պարտավոր են մինչև օգոստոսի 1-ը վերապատրաստվել, հավաստագիր ստանալ, մասնակցել իրենց հաստատության տնօրենի համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող, ապա դրանից հետո միայն շարունակել աշխատել: Այն տնօրենները, ովքեր աշխատում են որոշակի ժամկետով գործող պայմանագրով, այդ հնարավորությունից կարող են օգտվել հաջորդ տարիների ընթացքում:
Ոչ պետական ուսհաստատությունների տնօրենների համար ևս հավաստագրման կարգն է գործելու` չնայած վերոնշյալ հիմնարկություններում տնօրենի ընտրության մեխանիզմը հնարավոր է այլ կերպ լինի, քանի որ յուրաքանչյուրն իր կանոնադրությամբ է որոշում` ինչպես ընտրի և նշանակի տնօրեն, բայց ղեկավար աշխատելուց առաջ նախ պետք է հավաստագրվի նույն կարգով",-նշել է Ռ. Աբրահամյանը` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ տարիների համար ևս գործելու է նույն սկզբունքը:
Անդրադառնալով ոլորտում իրականացված այլ աշխատանքներին` բանախոսը նշել է. "ՄԿՈՒ համակարգում տարիներ շարունակ ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրով բյուջետային աջակցության ծրագիր է իրականացվում: Այս տարի ավարտում ենք երկրորդ ծրագիրը, որը ԵՄ-ի կողմից գնահատվել է որպես հաջողված պատմություն: Այս տարվա ավարտին ծրագրի շրջանակում մարզերում կունենանք վերանորոգված և եվրոպական չափանիշներով վերազինված հինգ ուսումնարան և քոլեջ:
Եվս երկու ուսումնական հաստատություն` Երևանում և Գյումրիում, որոնք հագեցված կլինեն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար համապատասխան սարքավորումներով` հեշտացնելով նրանց մուտքը ուսհաստատություն: Այս պահին քննարկվում է բյուջետային նոր աջակցության ծրագիրը, որը հնարավոր է կյանքի կոչվի 2017 թվականից: Այս անգամ հիմնական ուշադրությունը կբևեռվի գյուղատնտեսական մասնագիտական կրթությանը, որը բավականին մեծ օժանդակություն կլինի կառավարության կողմից գերակա համարվող այս ոլորտի զարգացման հարցում",-նշել է Ռ. Աբրահամյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են հավաստագրման հարցաշարերին, տնօրենների կառավարչական հմտություններին և այլն:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
23:38 05-09-2014
ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի
1371 դիտում
19:55 20-03-2015
Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները
885 դիտում
14:18 29-01-2021
Հուշագրեր ՄԿՈՒ հաստատությունների և բիզնես կազմակերպությունների միջև
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են