1224 դիտում
23:38 05-09-2014
ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր, նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում պետական քաղականության նոր մոտեցումները: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախորդ ուսատարին ՄԿՈՒ համակարգի համար հաջողված է եղել:
Դիմելով քոլեջների և ուսումնարանների տնօրեններին՝ նախարարը նշել է, որ ոլորտում մի շարք նորարարություններ են նախատեսվում, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխություններն քննարկվում են խորհրդարանում. «ՄԿՈՒ համակարգում նույնպես ներմուծում ենք տնօրենների հավաստագրման գործընթաց. քոլեջներում և ուսումնարաններում ղեկավար կաշխատեն այն մարդիկ, ովքեր կվերապատրաստվեն ու կհանձնեն ատեստավորման քննությունը: Հաշվի առնելով, որ ունենք իննսունականներից եկող ինչպես՝ բազմավաստակ ու փորձառու, այնպես էլ երիտասարդ տարբեր գիտելիքներ ու կրթություն ունեցող տնօրեններ, մենք բավականին խստացնում ենք նաև տնօրենների նկատմամբ կրթական ցենզի պահանջը »,-շեշտել է նախարարը: Անդրադառնալով քոլեջից բուհ տեղափոխվելու համակարգին՝ ՀՀ ԿԳ նախարարը Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարվանից սկսած քոլեջների լավագույն շրջանավարտները իրավունք կունենան տեղափոխվել միայն բուհերի հեռակա համակարգ՝ երկրորդ կուրս, նույն հնարավարությունը առկա համակարգի համար չի գործելու: «Ես երբեք չեմ թաքցրել, որ նախկին կարգով ոգևորված չեմ եղել, քանի որ այն ուներ կոռուպցիոն ռիսկեր և չէր նպաստում միասնական կրթական քաղաքականությանը: Այս տարվանից քոլեջից հետո դիմորդները կկարողանան շարունակել իրենց կրթությունը բուհի բացառապես հեռակա համակարգում՝ երկրորդ կուրսից: Ես կարծում եմ՝ սա առավել ազնիվ ու արդար մոտեցում է»,-հայտարարել է նախարարը:
Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև 12-ամյա պարտադիր հանրակրթության անցնելու համակարգի ներդրմանը: Նշելով, որ օրենսդրական փաթեթն այժմ գնտնվում է ԱԺ-ում՝ նախարարը հույս է հայտնել, որ այն գալիք քառօրյաում վերջնական կընդունվի:
«Այդ փոփոխությունը ենթադրում է, որ դիմորդների հոսքը դեպի ուսումնարան և քոլեջ ավելանալու է: 12-ամյա պարտադիր հանրակրթությունը նշանակում է, որ հանրակրթական բաղադրիչը մտնում է նաև քոլեջ և ուսումնարան. Այսինքն՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները պարտադիր կերպով պետք է շարունակեն կրթույունը կամ ուսումնարանում և քոլեջում, կամ էլ ավագ դպրոցում: Դպրոցի պարագայում պետությունն ապահովում է բացառապես անվճար 12-ամյա կրթություն, իսկ ՄԿՈՒ համակարգում այդ կրթույթունը կլինի անվճար՝ ըստ պետության սահմանած մասնագիտությունների գերակայության: Սրանով պետությունը լուծում է ոչ միայն կրթական, այլև սոցիալական խնդիր. հոգ է տանում իր քաղաքացու կրթական ավելի բարձր ցենզի համար՝ նկատի ունենալով, որ 12-ամյա կրթական ցենզով քաղաքացին ավելի մրցունակ կլինի աշխատաշուկայում, քան 9-ամյա կրթական ցենզ ունեցողը».- նշել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ այժմ տարեկան մոտ 4 հազար պատանիներ ու աղջիկներ հիմնական դպրոցն ավարտելուց հետո դուրս են մնում կրթությունից, ինչը պետությունը համարում է մտահոգիչ իրավիճակ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ նախարարը նշել է, որ շենքային պայմանների բարելավման հարցը շարունակում է մնալ արդիական. «Միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտը վերականգնվել է, շարունակվելու են»,- տեղեկացրել է նախարարը և հավելել, որ Հայաստանում երբեք այդքան մեծ թվով քոլեջներ ու ուսումնարաններ չեն վերազինվել ու վերանորոգվել, որքան վերջին հինգ տարիներին: Ա. Աշոտյանի խոսքով, քանի որ քոլեջներն ու ուսումնարանները հիմնականում քաղաքներում են տեղակայված, նախատեսվում է դրանց կից ստեղծել հանրակացարաններ՝ գյուղաբնակ ուսանողների համար: Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես տարածաշրջանային նշանակության քոլեջներին: Խորհրադակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադառնալով կարգապահական հարցերին՝ նշել է, որ սովորողների հաճախելիության, կադրային քաղաքականության և հատկապես ֆինանսական կառավարման նկատմամբ խիստ վերահսկողություն է լինելու: Նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման ծրագրերին, ընդունելության ժամկետների երկարաձգմանը և այլ խնդիրների:
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
19:55 20-03-2015
Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները
617 դիտում
15:55 27-03-2015
Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները
888 դիտում
14:18 29-01-2021
Հուշագրեր ՄԿՈՒ հաստատությունների և բիզնես կազմակերպությունների միջև
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին