211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:21 26-03-2015

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

2015 թ. մարտի 26-ից ապրիլի 2-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը: Շաբաթի ամենամյա կազմակերպումն ակնկալում է մանուկների և պատանիների շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն և մանկապատանեկան գիրք-ընթերցող կապի ամրապնդում: Թիրախային խմբերն են` մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ և մանկապատանեկան գրքի ու երաժշտության ոլորտների աշխատակիցներ: Ավանդաբար անցկացվող շաբաթի բացումը տեղի կունենա մարտի 26-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությամբ կազդարարվի գրքի շաբաթի մեկնարկը: Մինչև ապրիլի 2-ը շարունակվող Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, վիտորինաներ, մրցույթներ և այլ միջոցառումներ: Իսկ փակման օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսություն: Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն նաև հանրապետության մի շարք գրադարաններ:

Նմանատիպ նյութեր