211652_close_icon
views-count609 դիտում article-date 18:57 24-03-2015

«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ: Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները եւ ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիք  միջոցառման ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին եւ հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարեւորվի ոչ միայն յոթանասուն, այլեւ յոթ հարյուր տարի հետո էլ: Պատվիրակության ղեկավար Թամարա Դոլգոշեյն իր խոսքում նշել է, որ հաղթանակը Մեծ հայրենական պատերազմում միավորել եւ միավորում է ազգեր, պետություններ եւ սերունդներ: Այդ ժողովուրդների ընդհանուր պատմությունը հարուստ է հերոսներով եւ սխրանքներով: «Հիշատակի էստաֆետի» նպատակն է դաստիարակել հերոսներին արժանի սերունդ, երախտապարտ լինել վետերաններին իրենց նվիրման, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները դիտել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի տեսաուղերձները՝ ուղղված «Հիշատակի էստաֆետի» մասնակիցներին: Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը եւ Թամարա Դոլգոշեյը հանդիպել են լրագրողների հետ: Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր