Մայրերին նվիրված միջոցառում` Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում. լուսանկարներ
Սիրիահայ համայնքի նախաձեռնությամբ ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մայրությանը նվիրված միջոցառում: Սովորույթի համաձայն ամեն տարի մարտի 21-ին Սիրիայում հայերը նշում են մայրերի օրը:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, ապա գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի շնորհավորանքները և օրհնությունները փոխանցեց մայրերին՝ նշելով, որ կարևոր է սիրիահայերի բոլոր գեղեցիկ ավանդույթները պահպանելը և նշելը:
Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհդի անդամ և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանին իր եկեղեցանվեր գործունեության համար:
Տիկնանց միության «Հույս միավոր»-ը մայրերին նվիրեց փոքրիկ ճերմակ փետուրներով կարմիր սրտիկներ: Կարմիր սիրտը խորհրդանիշում է մոր սիրտը, իսկ ճերմակ փետուրները՝ աշխարհի բոլոր երկրները: Այնուհետև տիկնանց միության անդամները ասմունքեցին, երգեցին: «Առաքինի մայր» կոչմանն արժանացավ տիկին Երանը: Ներկաներին բաժանվեց սաղմոսներից համարներ, իսկ ջերմ մթնոլորտը շարունակվեց հյուրասիրությամբ:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքում բազմաթիվ սիրիահայեր են ներգրավված, ովքեր մասնակցում են ժամերգություններին, ս. պատարագներին, համայնքային ծրագրերին: Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նույն թվականի դեկտեմբերից Տեր հայրը Սրբազան հոր օրհնությամբ և տնօրինությամբ նշանակվեց «Արագ արձագանքում սիրիահայ ընտանիքներին» ծրագրի պատասխանատու: Այդ ծրագրով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը՝ «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնություն ցուցաբերվեց:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: