Բաց դաս` Ազգային ժողովում
Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին:
Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը:
Պարոն Սահակյանը կարեւորել է նման հանդիպումներն ու աշակերտներին հորդորել լինել նախաձեռնող եւ երկրի համար պիտանի քաղաքացիներ: Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանը կարեւորում է կրթությունը եւ կրթական համակարգի խնդիրները մշտապես պահում իր ուշադրության առանցքում:
Դրա վառ ապացույցներից է նաեւ այն, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ երիտասարդներ պետական աջակցությամբ հնարավորություն են ստանում ուսանելու աշխարհի 10 լավագույն բուհերում:
Քարակերտցի աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնել երկրի կարեւորագույն կառույցներից մեկում իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու հնարավորության համար: Նրանք հիմնականում հետաքրքրվել են օրենսդիր իշխանության գործառույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու կրթական
բարեփոխումներով:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: