Հայագետը, լեզվաբանը, գրաքննադատը և ուսուցիչը՝ Գրիգոր Վանցյան. տեսանյութ
Մեծանուն հայագետ, լեզվաբան, գրաքննադատ և ուսուցիչ Գրիգոր Վանցյանը (1870, Ախալքալաքի գավառ, գ. Բեժանո -1908, Թիֆլիս), չնայած իր ապրած կարճատև կյանքին, եղել է իր ժամանակի մտավորականության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ամենամտերիմ դասընկերը:
Նրանց հոգևոր կապը շարունակվել է նաև ուսումնառությունից հետո: Գ. Վանցյանի և մյուս ընկերների հորդորների շնորհիվ է, որ երիտասարդ Հովհ. Թումանյանը համաձայնվում է տպագրել իր անդրանիկ գիրքը` «Բանաստեղծությունները» (Մոսկվա, 1890): Գրքի նյութական ծախսերը ևս հայթայթվում են Գ. Վանցյանի և ընկերների շնորհիվ, որոնք Ջավախքում, Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում կազմակերպում են ապագա գրքի բաժանորդագրությունը:
Գ. Վանցյանն է հուշել նաև Թումանյանին Ջավախքում պատմվող ավանդազրույցի մասին, որի հետքերով 1901 թ. Ջավախք այցելելով Հովհ. Թումանյանը սկսում է մշակել իր հռչակավոր «Փարվանա» լեգենդը:
Ջավախքի Բեժանո գյուղի դպրոցը հետխորհրդային շրջանում անվանակոչվել է իր մեծ զավակի` Գրիգոր Վանցյանի անունով:
Վանցյանների հռչակավոր տոհմի նահապետի ապրած բովանդակալից կյանքի և թողած ժառանգության մասին զրուցում ենք երկարամյա հեռուստալրագրող, հրապարակախոս և գրահրատարակիչ Ավթանդիլ Գրիգորյանի հետ: