211652_close_icon
views-count805 դիտում article-date 16:16 19-03-2015

ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը միջազգային մեդիաֆորումի մասնակիցների հետ

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովի մասնակիցների հանդիպումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ երկու հարյուր լրագրողներ էին մասնակցում ասուլիսին: Նրանք իրենց հարցերը ուղղեցին ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար պարոն Դեմոյանին: «Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար ոչ միայն հուշ և ոգեկոչում է, այլև ազգային անվտանգության խնդիր: Հայոց ցեղասպանության հարցը ժողովրդի պատմության մի մասն է, այն յուրաքանչյուր հայի գենի մեջ է»,- հայտարարեց Հայկ Դեմոյանը: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հարյուրերորդ տարելիցին թանգարան-ինստիտուտի աշխատանքների մասին` Դեմոյանն ասաց, որ ապրիլին կրկնակի մեծ տարածքով ներկայացվելու է ավելի քան 80 հազար ցուցանմուշ, որոնք Հայոց ցեղասպանության նահատակների լուռ վկաներն են: Ի պատասխան Ղազախստանից ժամանած լրագրողի հարցի, թե արդյոք հայկական կողմն ունի վիճակագրական տվյալներ Ցեղասպանության զոհերի մասին, Դեմոյանն ասաց, որ որևիցե ցեղասպանություն, արհավիրք կամ պատերազմ կոնկրետ թիվ չունի, զոհերի թիվը հիմնականում կլորացվում է, և երբեմն մոռացության է տրվում մարդու գործոնը: Սակայն Հայոց ցեղասպանության զոհերի վիճակագրության առումով Հայաստանի կառավարությունը հենվում է հայկական և թուրքական արխիվների այդ ժամանակվա մարդահամարի արդյունքների վրա: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում են Թալեաթ փաշայի գաղտնի նյութերը և այն քարտեզը, որտեղ Թալեաթը գրում է, որ արդեն ութ հարյուր հազար հայեր են սպանվել Արևմտյան Հայաստանի տարածքում: Քարտեզն արվել է 1916 թվականին: Միաժամանակ Թալեաթը գրում է, որ այն բնակավայրերում, որտեղ հայերի թիվը գերազանցում է հինգ տոկոսը, պետք է իրականացնել էթնիկ բնաջնջում: Մինչև 1923 թվականը ևս 180 հազար հայեր սպանվել են քեմալականների ներխուժման արդյունքում»,- ասաց Դեմոյանը` հավելելով, որ թանգարանում կան բազմաթիվ տվյալներ, փաստեր, լուսանկարներ, նաև արտասահմանցի դիվանագետների և միսիոներների վկայություններ մարդկության դեմ կատարված հանցագործության վերաբերյալ: Դեմոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ավելի քան հիսուն երկրում կցուցադրվեն թանգարանի ցուցանմուշները: Ի պատասխան թուրքական ժխտողականության` Դեմոյանն ասաց, որ երբեմն թուրքական «պատասխաններն» ավելի շատ են նպաստում միջազգային ճանաչմանը: Նա օրինակ բերեց Դանիայի թագավորական գրադարանում երեք տարի առաջ բացված ցուցահանդեսը, որտեղ այցելել էր Դանիայում Թուրքիայի դեսպանը և բացատրություն պահանջել ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ: Դրանից հետո դանիական երեք հարյուր լրատվամիջոց անդրադարձել էր Հայոց Ցեղասպանության մասին ցուցահանդեսին` նշելով, թե թուրք դեսպանն ինչ իրավունք ունի հրամաններ արձակել իրենց երկրում: Ի պատասխան թուրք դեսպանն ասել էր որ, Թուրքիան նույնպես կնախաձեռնի նմանատիպ ցուցահանդես «Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» խորագրով: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է այդ ցուցահանդեսը բացվելու և մեզ շատ է հետաքրքրում, թե թուրքական կողմն ինչպիսի փաստեր ունի, որոնք կարող են ժխտել Ցեղասպանությունը: Արդեն անցել է երեք տարի, և թուրքական կողմը դեռևս լռում է ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ»,- նշեց Դեմոյանը: Ավելի ուշ մեդիա ֆորումի մասնակիցները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակին և հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին:

Նմանատիպ նյութեր