211652_close_icon
views-count1003 դիտում article-date 16:31 18-04-2014

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հաշվետու ասուլիսը

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախասրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը: Ասուլիսում Հայկ Դեմոյանն անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներին: Ներկայացվեցին 2012-ին մեկնարկած շինարարական աշխատանքները, մշակվող թանգարանային նոր ցուցադրությունը, 2014 թվականի համալիր միջոցառումները և ՀՑԹԻ միջազգային համագործակցությունը: ՀՑԹԻ տնօրենը հանգամանորեն ներկայացրեց թանգարանային նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքները, դիզայներական նորագույն լուծումները, որոնք կիրառվելու են թանգարանային ցուցադրությունը ժամանակակից շնչով և հանրությանը ներկայանալի կազմակերպելու համար: Ի դեպ թանգարանային նոր ցուցադրությունն իր դռներն առաջինը կբացի տեղի և արտասահմանյան լրագրողների համար 2015թ. ապրիլի 20-ից 23-ը: Անդրադարձ եղավ նաև ՀՑԹԻ միջազգային համագործակցություններին՝ մասնավորապես Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) հետ ստորագրված Փոխըմբռման հուշագրին, Ռուսաստանի «Հոլոքոստ» կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագին, Փարիզի Շոայի կենտրոնի հետ համագործակցությանը և այլն: Թանգարանը հաջողությամբ շարունակում է նաև Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա կրթաթոշակի անցկացումը: Այս տարի ՀՑԹԻ մեծ քանակի և ներկայանալի դիմումներից ելնելով, ընդունել է երեք ասպիրանտի, որոնցից առաջինն արդեն հետազոտություններ է անում թանգարան-ինստիտուտում: «Սա խոսում է ՀՑԹԻ բարձրացող միջազգային վարկանիշի մասին»,-նշեց թանգարանի տնօրենը: ՀՑԹԻ շարունակում է իր գիտահրատարակչական գործունեությունը: 2013-2014 ընթացիկ տարում տպագրվել են մի շարք անուն գրքեր, այդ թվում մենագրություններ, վերահրատարակություններ և թարգմանություններ: Գիտահրատարակչության ոլորտում կարևոր ձեռքբերում է երկու՝ Ցեղասպանագիտական և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային գիտական հանդեսների հրատարակումը: Հայոց ցեղասպանության և ցեղասպանագիտության ուսումնասիրման ոլորտում կարևոր ձեռքբերում է նաև ԵՊՀ-ում Ցեղասպանագիտական ամբիոնի ստեղծումը, Կրթության ազգային ինստիտուտի և Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ «Ցեղասպանության կրթություն» ծրագրի կազմակերպումը: Ակտիվ է նաև ՀՑԹԻ գիտաշխատողների մասնակցությունը հեղինակավոր միջազգային գիտաժողովներում, հատուկ ցեղասպանագիտական դասընթացներում: Ասուլիսին քննարկվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին: Հայկ Դեմոյանը որպես պետական հանձնաժողովի քարտուղար անդրադարձավ արդեն կատարված աշխատանքներին, տեղի և մասնավորապես Սփյուռքի հետ համագործակցության եզրերին, առկա խոչընդոտներին և այլն: Ասուլիսից հետո տեղի ունենավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդես:

Նմանատիպ նյութեր