22180 դիտում
10:59 19-03-2015
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավոր վարորդների ու ուղևորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 18-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 34-ամյա Ավետիք Մովսիսյանը, իսկ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 29-ամյա Միխայիլ Ղրաղյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Nissan-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 29-ամյա Ամալյա Մովսիսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ղրաղյանն աշխատում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես գործակալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդ Ա. Մովսիսյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/18/46624/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 34 ՍM 268 համարանիշի և Nissan մակնիշի 50 QA 050 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ի շարժիչի հատվածում հրդեհ էր բռնկվել, սակայն մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել էին կրակը, իսկ գազի արտահոսքը տեղում դադարեցվել էր դեպքի վայր ժամանած թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից: Տեղում հրշեջները նաև կատարել էին հովացման աշխատանքներ և դադարեցրել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: Տեղում շտապօգնության բրիգադը անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել Mercedes-ի վարորդին: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայր էր ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Տեղում Երևանի ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չունենար և նրանց կատարած գործողությունների արդյունքում հնարավոր էր եղել խուսափել մի քանի վթարներից, քանի որ հետաքրքրասեր վարորդները «չտեսի» նման կանգնում ու նայում էին վթարը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+