211652_close_icon
views-count1257 դիտում article-date 23:39 18-03-2015

Գիտաժողով Մոսկվայում

Մարտի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի հայագիտության կենտրոնի և գիտական խորհրդի նախաձեռնությամբ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի ժողովասրահում տեղի ունեցավ «Ռուսաստանի բուհերում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման հարցեր» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, մոսկովյան բուհերում հայոց լեզու և հայագիտության առարկաներ դասավանդող տասնյակ մասնագետներ և հայոց լեզու ուսումնասիրող երիտասարդներ: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից ընթերցված տերունական աղոթքից հետո դեսպան Եսայանը ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում ընդգծեց ռուսաստանյան բուհերում հայոց լեզվի և հայագիտության դասավանդման կարևորությունը՝ որպես հայ և ռուս ժողովուրդների և երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք: Դեսպանն անդրադարձավ Ռուսաստանում մայրենիի տարածման ուղղությամբ դեսպանության կողմից տարվող աշխատանքներին և ռուսաստանյան բուհերի հետ առկա համագործակցությանը: Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի հայոց լեզվի դասախոսներ Ելենա Ջաղացպանյանը և Վարդան Ղազարյանը, Ռուսաստանի ռազմական համալսարանի լեզուների և ազգերի մշակույթների ամբիոնի ղեկավարի տեղակալ Օլեսյա Բուկան, նույն բուհի հայոց լեզվի դասախոս Ռուզաննա Կոմարովան և մի շարք այլ մասնագետներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձան հայոց լեզվի դասավանդմանը վերաբերող տարաբնույթ հարցերի և այս ուղղությամբ մոսկովյան և երևանյան բուհերի միջև հաստատված համագործակցությանը: Ըստ նրանց գնահատականի՝ մոսկովյան բուհերում տարեցտարի ավելանում է հայերեն ուսանել ցանկացող այլազգի երիտասարդների թիվը: Ելույթներով հանդես եկան նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանների ռուսաստանցի ուսանողները, ովքեր, որպես օտար լեզու, բուհում ուսանում են հայերեն:

Նմանատիպ նյութեր