ՏԿԱԻ նախարարը հանդիպել է ՏԻՄ կին ղեկավարների հետ
Մարտի 17-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի 16 համայնքների կին ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարարներն ու ղեկավար կազմը: Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքներում առկա խնդիրները և ընդհանուր մոտեցումներ մշակել դրանց լուծման հարցում:
Նախքան քննարկման սկիզբը ՏԿԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց կանանց տոնական միամսյակի կապակցությամբ և տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրեց վերջիններիս ՏԿԱԻՆ շնորհակալագրերով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար համայնքների կին ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համայնքի խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: Համայնքերից յուրաքանչյուրն իր խնդիրներն ուներ, որոշ համայնքներ ոռոգման ջրի, գազիֆիկացման և ճանապարհների բարեկարգման խնդիր ունեն: Ներկայացված համայնքներում կան և այնպիսիք, որոնք չունեն ջրի, գազի և ճանապարհների խնդիր, սակայն սուր է դրված համայնքի դպրոցի և մանկապարտեզի բարեկարգման հարցը: Արդիական է նաև համայնքներում մշակույթի տների զարգացման խնդիրը:
Նախարար Երիցյանի հանձնարարությամբ՝ ՏԿԱԻ փոխնախարարներն արձանագրեցին ՏԻՄ կին ղեկավարների արծարծած խնդիրները՝ դրանք մանրամասն ուսումնասիրելու և հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով:
Քննարկվեց նաև համայնքների խոշորացման ծրագիրը: Անդրադառնալով ՏԻՄ ղեկավարների կողմից ներկայացված խնդիրներին՝ նախարար Երիցյանը հատկապես նշեց, որ այդ խնդիրներից շատերը կարող են լուծում ստանալ հենց համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում՝ հատկապես միջազգային կառույցների հետ համագործակցության համատեքստում:
Հանդիպման ավարտին ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ուղեկցեց ՏԻՄ կին ղեկավարներին՝ ծանոթանալու Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին: