211652_close_icon
views-count1056 դիտում article-date 18:00 12-03-2015

Հայաստանը մասնակցեց Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառին

Մարտի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ցուցահանդեսների պալատում տեղի ունեցավ Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառի բացումը: Ամեն տարի Նիցցայի քաղաքապետարանը որոշում է կայացնում տոնավաճառին մասնակցելու համար հրավիրել Նիցցա քաղաքի հետ որևէ քույր քաղաքի: Այս տարի որոշվեց մեկ մակարդակով բարձրացնելու ներկայացուցչությունը` ներկայացնել ոչ թե Երևանը, այլ Հայաստանը` պատվո հյուրի կարգավիճակով: Միջոցառմանը ներկա էին Նիցցայի քաղաքապետ, պատգամավոր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի նախագահ Քրիստիան Էստրոզին, Նիցցայի փոխքաղաքապետեր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Բերնարդ Կլեյնհոֆֆը և «Նիսէքսպո»-ի նախագահ Ֆրեդերիկ Ժուրդան-Գասին, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի ֆրանս-հայկական տնտեսական պալատի (CEFA) նախագահ Գառնիկ Մազմանյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Տոնավաճառի բացման ժապավենը կտրվեց Քրիստիան Էստրոզիի և Սամվել Լալայանի կողմից: Այնուհետև տեղի ունեցավ կենտրոնական մասում տեղակայված հայկական տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Նիցցայի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ միշտ պատրաստ է աջակցելու ցանկացած միջոցառման, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը: Քաղաքապետը հաջողություն մաղթեց կազմակերպիչներին և մասնակիցներին: Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքները` հյութեր, գինիներ, հայկական խոհանոց, հուշանվերներ: Տաղավարում մեծ տեղ էին գրավում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները: «Nice matin» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Հայաստանը կամ սերը արվեստի նկատմամբ» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց` նվիրված հայկական տաղավարին:

Նմանատիպ նյութեր