211652_close_icon
views-count1043 դիտում article-date 21:20 08-10-2014

Հայաստանը մասնակցեց Մարսելի 90-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Մարսելի «Շանո» զբոսայգում անցկացվեց Մարսելի 90-րդ ամենամյա միջազգային տոնավաճառը: Տոնավաճառի շրջանակներում Մարսելի մշակույթի և երտասարդության հայկական տան և ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել էր հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին Ֆրանսիայում և Հայաստանում բնակվող հայերի պատրաստած արտադրանքը` սննդից մինչև հուշանվերներ: Տաղավարում մեծ տեղ էին գրավում գրքերի, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները: Տոնավաճառի շրջանակներում հոկտեմբերի 3-ը հայտարարված էր «Հայաստանի պաշտոնական օր», ինչը նախաձեռնել էին Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Ժան Նոել-Գերինին, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Միշել Կեստերը և Մարսելի Մշակույթի և երտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանը: Միջոցառմանը մասնակցում էին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ այցելուներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանու ներքո: Իր ելույթում գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը նշեց, որ գլխավոր հյուպատոսությունը միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած ձեռնարկի, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը: Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին` 2015թ. Մարսելում Հայաստանի տարի հռչակելու կապակցությամբ: Այնուհետև Համագումարների պալատի «Քալելոնգ» սրահում տեղի ունեցավ ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Ատեմյանի կազմակերպած «Տուրիզմը Հայաստանում» ֆորումը, որին մասնակցում էին բազմաթիվ ճանապարհորդական գործակալություններ և տուր-օպերատորներ: Հայաստանում տուրզմի զարգացման հեռանկարների և պայմանների մասին ելույթով հանդես եկավ Փարիզից ժամանած պրոֆեսոր Ժերար Աշդջյանը: Երեկոն ավարտվեց «Մասիս» խմբի և ֆրանսահայ տաղանդավոր երգիչ Գրիգորի Բաքիյանի մասնակցությամբ համերգով:

Նմանատիպ նյութեր