Գեղարքունիքի կրթօջախներում ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նիստի ընթացքում քննարկվեց Գեղարքունիքի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, որը մարզպետի հաստատմանն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից:
Ծրագրի կատարված ու կատարվելիք կետերի շուրջ եղան առանձին քննարկումներ, հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից, արվեցին լրացուցիչ առաջարկություններ:
Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց նաեւ համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ բանակային ստորաբաժանումների եւ Գավառի պետական համալսարանի հետ: Բայց առավելապես պետք է հագեցած միջոցառումներ կազմակերպել հանրակրթական դպրոցներում:
Մարզպետը նաեւ ցուցում տվեց՝ հանրակրթական բոլոր հաստատություններում անցկացնել հատուկ դասաժամ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական Հռչակագրի ընթերցմանը եւ մեկնաբանմանը: