211652_close_icon
views-count927 դիտում article-date 16:24 10-03-2015

Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը: Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը: ՕԿԱԿ-ի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ: Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց: ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը: Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նկատելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին, ինչը կառավարությունն ընդունել է:

Նմանատիպ նյութեր