Բեռնաթափմանն ուղղված ուսումնասիրություններ կկատարվեն Վանաձորի մանկատանը
Լոռիում մեկնարկել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՀՀ կառավարության հետ համատեղ ջանքերով իրականացվող 2 կարևոր ծրագիր: Առաջինը՝ «Հայտնաբերում, ուղղորդում և կանխարգելում» ծրագրի երկրորդ փուլն է: Այն նպատակ ունի հայտնաբերելու պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին, ինչպես նաև ուսումնասիրելու տնային ուսուցում ստացող երեխաների դասընթացը:
Եթե ծրագրի առաջին փուլում ընդգրկվել էին միայն Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի դպրոցները, ապա այժմ՝ ողջ մարզը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել մարզային համակարգող խորհուրդ:
Հաջորդը՝ «Խնամակալական հաստատությունների բեռնաթափում և կանխարգելում» հնգամյա ծրագիրն է, որի իրականացմանը ներգրավված են նաև մի շարք միջազգային կառույցներ: Առաջին փուլով բեռնաթափմանն ուղղված ուսումնասիրություններ կկատարվեն Վանաձորի մանկատանը:
Մարզում շարունակվել է համագործակցությունը «Դիակոնիա» կազմակերպության հետ, որը օրերս սննդի փաթեթներ է բաշխել Ստեփանավանի տարածաշրջանի 130 սոցիալապես անապահով ընտանիքի, առաջիկայում օգնություն կտրամադրվի մարզի ևս 500 ընտանիքի: