Դոնեցկում հանքի պայթյունի զոհ է դարձել առնվազն 30 մարդ
Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: Դոնեցկի քաղաքային վարչության տեղեկությամբ՝ պայթյունի ժամանակ գետնի տակ 230 մարդ է եղել, մինչև տեղական ժամանակով 09:00-ն փրկրարաները հանքից 157 մարդու են հանել:
«Նախնական տվյալներով՝ Զասյադկոյի անվան հանքում վթարի պատճառը գազա-օդային խառնուրդի պայթյունն է: Դա տեղի է ունեցել ոչ հրետանային ռմբակոծության հետևանքով»,- հայտնել է Դոնեցկի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո քարտուղար Յուլիանա Բեդիլոն:
Անկախ արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Միխաիլ Վոլինեցը «112» հեռուստաալիքին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել 1230 մ խորության վրա: Նա չի հայտնել զոհերի թիվը՝ նշելով, որ 47 հանքափորի ճակատագիրն անհայտ է:
Նշենք, որ 2007թ-ին այս հանքում պայթյունի զոհ էր դարձել 106 մարդ: