211652_close_icon
views-count652 դիտում article-date 16:59 27-02-2015

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգի համաձայն` համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը ներկայացրեց հաշվետվություն սփյուռքի կրթօջախներին 2014 թ. ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, մանկական գրականություն, արտադասարանական օգտագործման, ուսումնաօժանդակ նյութեր, որոնցից էլ ձևավորվել է գրքերի ցանկը: Համայնքների, կրթօջախների հետ աշխատանքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 100 հայտ: Սփյուռքի համայնքներում գործող մեկօրյա և ամենօրյա դպրոցներին, խմբերին, խմբակներին, կրթամշակութային հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 41.000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութ, որից 2500 կտորը՝ էլեկտրոնային (CD,DVD), մնացած 7.500-ը պահեստավորված է: Բացի դրանից` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Սփյուռքի նախարարությանն է փոխանցվել 2600 կտոր գիրք: Ստացված հայտերով պահանջարկը կազմել է շուրջ 130.000 կտոր գրականություն և ուսումնաօժանդակ նյութ, սակայն տրամադրված նյութերը կազմել են պահանջվածի շուրջ 1/3 մասը: Եվրոպա առաքվել է 5088, ԱՄՆ՝ 5650, Ռուսաստանի Դաշնություն՝ 14.779, Ուկրաինա՝ 3391, Վրաստան՝ 10.000, Աբխազիա՝ 2092 կտոր գրականություն: Խոսվեց նաև համայնքների, կրթօջախների, ուսուցիչների ու սաների կողմից ստացված տասնյակ շնորհակալական նամակների մասին՝ օտար ափերում հայ երեխային հայ պահելու գործում նախարարության աջակցության համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այս ծրագիրը նախարարության ամենառաջնահերթ ծրագրերից է: Մեր կարևորագույն խնդիրն է սփյուռքի 900-ից ավելի հայկական դպրոցները դասագրքերով բավարարելը: Չպետք է լինի որևէ դպրոց, որի ներկայացրած հայտը անուշադրության մատնվի: Դեռևս պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, բայց բոլոր հայտերը պետք է բավարարվեն»: Ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրեց հաշվետվություն գերատեսչության 2014 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշեց կատարված աշխատանքների մասին և կարևորեց 2015թ. ծրագրերի անթերի իրականացման ընթացքը:

Նմանատիպ նյութեր