ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ՀՀ ոստիկանությունում. ֆոտոշարք
Փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական պատրաստականության բարելավման, անդրազգային եւ կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:
Անդրեյ Սորոկինը կարեւորեց փոխգործակցության բարձր մակարդակը եւ հավաստիացրեց, որ գործընկերությունը շարունակվելու եւ խորանալու է ինչպես արդեն ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, որոնք Հայաստանի ոստիկանության բարեփոխման եւ համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում են:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: