Արարատի մարզի եզդի բնակիչները նշեցին իրենց հոգևոր տոնը
Արարատի մարզի եզդի բնակիչները նշեցին իրենց հոգևոր տոնը` Խդր Նավին` սիրո տոնը: Այգեպատցի Շավո Սմոյանի տանը հավաքվել էին իրենց նահապետի` Քյալո Համոյի գերդաստանի անդամները: Գերդաստանի շեյխը` աղը, մատաղը օրհնելուց և Խդր Նավին շնորհավորելուց հետո գնաց Վերին Արտաշատ, Ոստան, Գետազատ, Տափերական` համայնքներում այդ գերդաստանի անդամների տոնը շնորհավորելու:
Տոնին նախորդող երեք օրը եզդիները ծոմ են պահում, այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, նրանց ընտանիքներին: Ավանդույթի համաձայն` տոնից առաջ հաշտվում են իրարից խռոված ընտանիքները, բարեկամները: Տոնն սկսվեց մատաղի արարողությամբ, որն ուղեկցվեց երգով, պարով, ազգային խաղիկներով: Եզդի համագյուղացիների տոնը շորհավորեցին նաև համայնքի հայ բնակիչները: