211652_close_icon
views-count3629 դիտում article-date 17:57 07-10-2016

Լույս է տեսել հայոց սահմանները պաշտպանելիս զոհված եզդի հերոսներին նվիրված «Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի շրջանակներում տպագրված համանուն գրքի շնորհանդեսը։ Ծրագիրը կյանքի է կոչել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը երկլեզու է՝ հայերեն և եզդիերեն։ Հեղինակներն են Բորիս Մուրազին և Զեմֆիրա Քալաշյանը։ Բորիս Մուրազին տեղեկացնում է, որ գրքում անդրադարձել են հայոց սահմանները պաշտպանելիս զոհված եզդի տղաներին՝ Սիդար Ալոյանին, Քյարամ Սլոյանին, Համլետ Հաջոյանին, Բորիս Օզմանյանին։ Նրանցից վերջին երեքը զոհվել են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, Սիդար Ալոյանը՝ մի քանի ամիս ավելի շուտ։ Հեղինակը նշում է, որ գրքի էջերում ներկայացնում են զոհված տղաների կյանքը, բացահայտում նրանց կերպարը, պատմում նրանց ապագա ծրագրերի մասին։ «Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցանք մոտ 100 զոհ, բայց մենք շատ դեպքերում չգիտենք, թե այդ անունների ներքո ովքեր են։ Մենք փորձել ենք հենց այդ փակագծերը բացել, տեսնել, թե ինչ քաղաքացիների կորցրեց Հայաստանը։ Մասնավորապես, Սիդար Ալոյանը հնարավորություն ուներ կրթություն ստանալ Գերմանիայում, բայց հրաժարվել էր այդ կրթությունից և գնացել բանակ։ Ես, նրանց կյանքն ուսումնասիրելով, վստահորեն կարող եմ ասել, որ ծառայությունից հետո շատ օգտակար էին լինելու Հայաստանի Հանրապետության համար որպես քաղաքացիներ»,- ասում է Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսում են մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվելու է գիրքը, այն բաժանվելու է կրթօջախներում, տարբեր համայնքներում՝ և՜ հայկական, և՜ եզդիական։ Հատկանշական է, որ գիրքն ուղարկվելու է նաև տարբեր երկրների եզդիական համայնքներին։ Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանն ընդգծում է, որ այս նախաձեռնությամբ ցույց է տրվում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց պարտքն են համարում ծառայել հայոց բանակում և պաշտպանել երկրի սահմանները։ Միջոցառմանը ներկա էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73385/]Սիդար Ալոյան[/url]ի եղբայրը՝ Ռաշիդ Ալոյանը։ Նա ասում է, որ Սիդարն ուներ շատ- շատ ծրագրեր, հատկապես սպորտի հետ կապված, ընդամենը մի քննություն էր մնացել, որպեսզի սև գոտի ստանար։ Սպորտդպրոց բացելու ցանկություն ուներ։ Եվ Ռաշիդը վստահեցնում է, որ երեք եղբայրներով ամեն ինչ անելու են՝ Սիդարի կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի «Մերօրյա հերոսներ» անվանակարգի համակարգող Գայանե Մանուկյանի խոսքով՝ Սիդար Ալոյանի, Քյարամ Սլոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի օրինակով մենք հասկացանք, որ հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է։ «Մերօրա հերոսների փառաբանումը» մեր կողմից հայտարարվող միակ անփոփոխ անվանակարգն է, որի շրջանակում իրականացվող ծրագրերի նպատակն է արժևորել հասարակության շրջանում զինվորի կերպարը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնացում… Մենք պետք է պահպանենք նրանց հիշատակը։ Նրանց թափած արյունը պետք է ուժեղացնի մեզ, երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիատասարդն ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է առարկայական: Մենք դաստիարակում ենք անկախության սերունդ, որի անկյունաքարն այսօրվա հերոսի կերպարն է: Սա մեր խոնարհումն է մեր եղբայր ժողովրդին՝ հայոց պետականության, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար հայերի և եզդիների հերոս զավակների թափած արյան համար»,- ասում է Գայանե Մանուկյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր