211652_close_icon
views-count7415 դիտում article-date 21:35 18-04-2014

Եզդի Ճակոյի հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

2011թ-ին վնասազերծված բանդայի գործով ամբաստանյալների ընտանիքների ողբերգությունը մեկը մյուսին հաջորդելով շարունակվում է: Ոչ միայն ամբաստանյալներն են անհասկանալի պայմաններում մահանում եւ հիվանդանում, այլեւ նրանց հարազատները չդիմանալով իրենց որդիներին մեղսագրվող եւ մինչ օրս չհաստատվող մեղադրանքներին վշտից մահանում են: Ամոյանները այս օրերին ողբում են, ոչ միայն ընտանիքի հոր անժամանակ մահը, որը նրանց համոզմամբ վրա է հասել վշտից, այլեւ այն հանգամանքը, որ որդուն թույլ չեն տալիս գոնե 15 րոպեով հորը վերջին հրաժեշտը տալ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին Ամոյանների հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները: «Եթե արդեն երրորդ տարին է, չեն կարողանում ապացուցել ամբաստանյալներին մեղսագրվող արարքը ինչպես են օրենքին հղում անելով ասում, թե ծանր հանցագործության մեջ մեղադրվողները զրկված են նման իրավունքից: Դիմելով Սերժ Սարգսյանին խնդրում ենք անվտանգության ամենախիստ պայմանները ապահովելով թույլ տալ Քյարամ Ամոյանին գոնե հորը վերջին անգամ հրաժեշտ տալ: Անմեղության ապացուցման համար արդեն տարիներ է ինչ սպասում ենք եւ պայքարում, բայց վրա հասած կորուստը անդառնալի է : Որդին հորը տեսնելու երկրորդ հնարավորություն այլեւս չունի»,- դիմելով նախագահին սահմանափակվեցին Քյարամ Ամոյանի հարազատները: Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/11363/]տեղեկացրել էինք[/url], որ «Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի հայրը երեկ մահացել է, սակայն որդուն դեռ թույլ չեն տալիս մասնակցել հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր Քյարամ Ամոյանի հարազատներից: Հայրը որդու հետ կատարվածից հետո իրեն լավ չէր զգում: Շաբաթներ առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:

Նմանատիպ նյութեր