Հարավային Աֆրիկայում հրդեհված հանքահորից բոլոր 486 հանքագործները փրկվել են
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Harmonу Gold ընկերությանը պատկանող հանքահորում բռնկված հրդեհից հետո բոլոր հանքագործներին հաջողվել է փրկել:
Այս մասին հաղորդել է ընկերության ներկայացուցիչը:
Հրդեհը բռնկվել էր ոսկու արտահանմամբ զբաղվող այդ ընկերության հանքահորում՝ 2 կմ խորության վրա, որտեղից բոլոր 486 հանքագործներին հաջողվել է դուրս բերել:
Ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետաքննություն կանցկացնի՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար:
Ըստ նախնական վարկածի՝ կրակը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Նշենք, որ անցած տարի հենց այս հանքահորը 2 շաբաթով փակվել էր այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել էին անօրինական աշխատողներ, ովքեր փորձել էին այրել հանքահորը: