211652_close_icon
views-count4972 դիտում article-date 18:48 20-08-2026

Լարված իրավիճակ՝ Պտղնի բնակավայրում․ հարկայինի նախկին պաշտոնյան պետական ճանապարհը 10 տարի է իրենով է արել և բնակիչների գլխի տակ փափուկ բարձ դրել․ հրշեջ մեքենաները և շտապօգնությունը կանչի վայր հասնելու համար պիտի թռչող գորգ ունենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի բնակավայրի 3-րդ այգեգործական տարածքում բնակվողներից մեկը մոտ 10 տարի է անօրինական գործողությունների արդյունքում ճանապարհն իրենով է արել և չի թողել, որպեսզի դեռ սովետական տարիներից այդ հատվածով կատարվող երթևեկությունը շարունակվի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«10 տարուց ավելի է՝ տարածքը վերածել է Թումանյանի հայտնի «Չարի վերջ»-ի «էս սարն իմն է, էս ծառն իմն է» վիճակի, և միտումնավոր չի վերացնում իր կողմից ճանապարհին տեղադրված արհեստական արգելանքները, մի հատվածում էլ ծառ է տնկել։ Մեր բազմաթիվ հորդոր-խնդրանքներին, որ իր կատարած գործողությունները հակաիրավական են, ինքնաիրավչություն, միշտ պատասխանել է, թե օրերը կտաքանան, խոչընդոտները կհանեմ, ուզում եմ ծառը մի քիչ էլ մեծանա, ծառն էլ կտեղափոխեմ։ 10 տարի մի ամբողջ սերունդ մեծացավ, էդ մարդու մոտ լրիվ «աշխարհ, կանգնիր, իջնող կա» վիճակ է։

Պատկերացնո՞ւմ եք, եթե արտակարգ դեպքեր տեղի ունենան, ո՞նց են հրշեջները, շտապօգնության բժիշկները մոտենալու քաղաքացիներին օգնության։ Պիտի հրշեջ-փրկարարները ու բժիշկները թռչող գորգ ունենան, որ դրանով հասնեն մարդկանց։

Տարածքը նաև պետական մենաշնորհ է, որտեղով անցկացված են բետոնե էլեկտրասյուներ։ Ու Աստված չանի, եթե էլեկտրասյան լարը վնասվի, կամ էլեկտրասյունը քամու հետևանքով կախվի, ո՞նց են մասնագետները մոտենալու ու խնդիրը լուծելու։

10 տարուց ավելի է՝ մեզ մատների վրա խաղացնում է։ Հիմա ստիպված դիմում ենք Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին՝ խնդրելով, որ այդ նախկին պաշտոնյային, ով հարկայինում բարձր պաշտոններ է զբաղեցրել, հորդորի, որպեսզի իր կատարած անօրինական գործողությունները վերացնի։

Մի քանի անգամ էլի փորձել ենք նրան մոտենալ, խնդրել, որ իր խոստումը կատարի, բայց ոչ մի օգուտ։ Ոչ մի հարևանի հետ չի շփվում։ Էն որ ասում են՝ մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամը գա, հարևանն է հասնում, բայց էս մարդը նույնիսկ լավ հարևանի ղադրը չգիտի։ Դրա համար խնդրում ենք մեր հարցը չթողնեն անպատասխան, գտնեն լուծում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ բնակիչների՝ այդ տարածքը իրենով արածի ընկերներն ու բարեկամներն էլ կեղծ տեղեկություններ են տարածում, թե Պտղնիում ապրող մի ընտանիք, ովքեր Սփյուռքից են վերադարձել ու երկար ժամանակ արդեն բնակություն հաստատել Պտղնիում, իրենք են անօրինականության հեղինակը։ Մինչդեռ այսօր պարզ դարձավ, որ այդ ընտանիքը ոչ մի անօրինական գործողություն չի կատարում, նրանց մոտ առկա են օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը, և այդ ընտանիքը անգամ կատարում է տարածքի բարեկարգում։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ նկարահանումների ժամանակ այդ տարածքն իրենով արած տղամարդը նստեց իրեն պատկանող ավտոմեքենան, ու երբ փորձում էինք իրենից պարզաբանում ստանալ, Սասնա էպոսի նապաստակի նման ավտոմեքենայով ճողոպրեց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանի հանձնարարականով քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ժամանել և տեղում ծանոթացել են իրավիճակին։ Իսկ թե ինչ լուծում կստանա բնակիչներին հուզող խնդիրը, դեռևս պարզ չէ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր