Բազմազավակ մայրը օգնության կարիք ունի. ֆոտոշարք, տեսանյութ
Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 23-ամյա Երանուհի Փանոսյանը բնակվում է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցի 5/4 - 2-16 տնակում: 5 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է և այսօր ապրում է իր 3 մանկահասակ երեխաների հետ, որոնցից երկուսը ապագա զինվորներ են:
Երեխաներից ավագը՝ 7 –ամյա Արմենուհի Փանոսյանը դպրոցական է, սովորում է 2-րդ դասարանում, միջնեկը՝ 5 տարեկան Գրիգորն է, ամենափոքրը՝ 1 տարեկան 7 ամսական Գոռը:
Երանուհու խոսքերով, սկզբում վարձով է ապրել, իսկ այժմյան տնակի տերը տեսնելով, որ հնարավորություն չունի վարձով ապրելու՝ առաջարկել է իր տնակը: Նշենք, որ տնակն այնքան էլ հարմար չէ բնակվելու համար, որոշ հարմարություններ էլ Երանուհին է ստեղծել իր հնարավորության սահմաններում: Պատերն ահավոր վիճակում են՝ խոնավությունից քայքայված և միմյանցից հեռացած, անընդհատ ցուրտ է ներս թափանցում: Սանհանգույցի ու ջրի մասին խոսելն ավելորդ է:
Այնպիսի տնակում են ապրում' կարծես դրսում լինեն՝ ուղղակի տանիք ունեն գլխներին: Միակ օգնությունը պետությունից ստացված նպաստն է, որն այս ընտանիքի անթիվ խնդիրների համար հեռու է մխիթարանք համարվելուց: Իսկ այդ գումարն էլ աննկարագրելի ցուրտ և խոնավ տնակում մի կերպ գոյատևելու համար' օգտագործած հոսանքի համար վճարելուն հազիվ է բավականացնում:
Երանուհու հաշմանդամ մայրն է ժամանակ առ ժամանակ հազիվ հասցրել սննդով օգնել, սակայն այժմ գլխի հիվանդության պատճառով դուրս է եկել աշխատանքից և այսօր նա էլ հնարավորություն չունի օգնության ձեռք մեկնելու դստեր անապահով ընտանիքին:
Այսօր երեք հրաշալի բալիկները մայրիկի հետ միասին սոված են քնում և արթնանում, նրանց երազանքներից գլխավորը մի կտոր հաց ուտելն ու տաքուկ անկյունում գոյատևելն է: Երանուհին մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ առավել դժվար է, երբ դպրոցական երեխայի խնդիրներն են առաջ գալիս, քանզի գրենական պիտույքների և անհրաժեշտ այլ իրերի համար չի կարողանում հոգալ: Նրանք ունեն սննդի, հագուստի, կոշիկների, գումարի կարիք:
Երանուհին դիմելով բարի մարդկանց՝ նշում է , որ անգամ մի կիլոգրամ մակարոնեղենը մեծ օգնություն կլինի իր ընտանիքին:
Հ. Գ. Հարգելիներս մենք մյուս շաբաթ կայցելենք այս ընտանիքին, ակնկալում ենք նաև ձեր օգնությունը և աջակցությունը:
Սիրով սպասում ենք, միացեք մեզ և միասին կօգնենք այս ընտանիքին: