48448 դիտում
23:24 30-08-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. բազմազավակ ու հիվանդ մայրն այլևս ի զորու չէ լուծել հացի խնդիրը, ընտանիքն օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոցիալական ու կենցաղային պայմաններից զրկված, խոնավ ու մութ բնակարանում ապրող բազմազավակ ընտանիքի խնդիրներն անթիվ են և անլուծելի՝ առանց միջամտության:
Հովնաթանի փողոցի 20 տանը տիրող իրավիճակը ծայրահեղ է, տան բնակիչներն էլ, բացի ունեցած առողջական խնդիրներից, նորերը ձեռք բերելուց ամենից շատն են վախենում: 55-ամյա Շարմաղ Սարգսյանը, ով հանդիսանում է 4 երեխաների մայր, որոնցից մեկը դեռ անչափահաս է, ներկայացրեց իրենց ընտանիքի օրվա հացի խնդիրը լուծելու պայքարը և հրատապ հարցերը. «Այստեղ ապրում ենք չորսով, ես, ամուսինս, 1 չափահաս որդիս և մյուս 15-ամյա որդիս, ով տեսողական խնդիրներ ունի իսկ ձեռքերը դողում են: Մյուս 2 երեխաներս ամուսնացել են, մեկը 5 երեխա ունի, վարձով է ապրում, մյուսը՝ 1 երեխա: Ամուսինս հիվանդ է, ստանում է 26 հազար դրամ թոշակ, որով պետք է և կոմունալ վճարումները կատարենք և սնվենք, որը, իհարկե, չի ստացվում:
Մեր միակ օգնողը «Հույսի ավան» բարեգործական կազմակերպությունն է, որտեղից սնունդ ենք ստանում, եթե դա էլ չլինի, ես չգիտեմ՝ մեր հետ ինչ կկատարվի: Ձեթ ունենալու համար գնում եմ «պերաշկի» թխող խանութ և խնդրում այդ «պերաշկու» սև ձեթը, որը, չնայած օգտագործման համար պիտանի չէ, սակայն այլ ելք չունեմ: 5 և ավել անգամ վիրահատվել եմ, հիմա էլ 3 վիրահատություն ունեմ, սակայն գումար չկա: Հաց ունենալու համար էլ գնում եմ չորացած լավաշ գտնում, բերում, թրջում, որ երեխեքս սոված չմնան:
Դիմել եմ թոշակի համար էլ, նպաստի համար էլ, չեն տալիս: Միչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի, այլևս չեմ կարողանում պայքարել: Խնդրում եմ սրտացավ մարդկանց, բազմազավակ ընտանիքիս օգնություն տրամադրեն: Մեր համար ամեն փոքր օգնությունն էլ մեծ բան է: Խոնավ պատերը հաճախակի բորբոսնում են, անձրևների ժամանակ տանիքից ջուր է լցվում, մի խոսքով՝ արտակարգ իրավիճակ է մեր տանը»:
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Շարմաղին հետևյալ հեռախոսահամարով՝ [b]094-66-10-81[/b]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+