Կապանում թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ են իրականացվում
Փետրվարի 9-13-ը Կապանում գիշերային ժամերին թափառող շնագայլերի վնասազերծման աշխատանքներ է իրականացնում քաղաքապետարանի հետ համապատասխան ծառայություններ մատուցելու պայմանագիր ունեցող կազմակերպությունը: Քանի որ վերջին տարիներին քաղցած շնագայլերը բավականին մոտեցել են քաղաքի բնակելի տարածքներին, մուտք են գործում համայնքի թաղամասեր, այս աշխատանքները քաղաքում կատարվում են պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության եւ ըստ բնակիչներից ստացած ահազանգերի:
Այս տարվա մեջ սա առաջին նման միջոցառումն է: Քաղաքի բնակչությանը լրատվամիջոցներով նախօրոք տեղյակ է պահվել տվյալ աշխատանքների մասին՝ խուճապից խուսափելու, փողոցներում զգույշ լինելու եւ ընտանի կենդանիներին գիշերային ժամերին դրսում չթողնելու համար: Աշխատանքներին օգնում են ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության հերթապահ մեքենան:
Վնասազերծված կենդանիների տեղափոխությունն ապահովում է Կապանի կոմունալ ծառայությունը:
Քաղաքապետարանը դիմում է Կապանի բնակիչներին՝ դիմել իրեն՝ թաղամասերում շնագայլեր նկատելու, թափառող կենդանիների՝ իրենց անվտանգությանը սպառնալու դեպքում:
Կապանում թափառող կենդանիների վնասազերծման համար այս տարվա համայնքային բյուջեն 500 հազար դրամ է նախատեսել: