57079 դիտում
10:45 08-02-2015
ՃՈ աշխատակիցները տաք հետքերով բռնեցին SAS սուպերմարկետից սննդամթերք գողացողին. բռնողների թվում էր SAS-ի սեփականատիրոջ անվանակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 7-ին, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գործող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել եւ բռնել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երեւան քաղաքի Աղյուսագործների 2-րդ փողոց թիվ 69 տանը:
Վերջինս SAS սուպերմարկետից գաղտնի հափշտակել է սննդամթերք, եւ դա նկատել են խանութի աշխատակիցները, որից հետո փորձել են նրան բռնել, սակայն նա դիմել է փախուստի:
Նշված հատվածում ծառայություն կատարող Երեւանի ՃՈ աշխատակիցները նկատում են, թե ինչպես է Հ. Մարությանը խանութից դուրս գալով՝ դիմում փախուստի ու արդյունքում կարողանում են հետապնդելով նրան բռնել, որից հետո ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկացնում են, ու ժամանած պարեկապահակային ծառայության աշխատակիցները նրան տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հավաքվածները տեսնելով այդ ամենը, մի կողմից դատապարտում էին գողություն կատարողի արարքը, մյուս կողմից էլ ասում էին, թե «տղամարդը երեւի լավ օրից չի, որ այդ քայլին է դիմում»: Իսկ երբ իմացան, որ նրան բռնող ոստիկաններից մեկը՝ Արտակ Սարգսյանն է, կատակում էին՝ «SAS-ի Արտակի խանութի գողին բռնողներից մեկը Արտակ Սարգսյանն է» նկատի ունենալով այն հանգամանքը, որ SAS սուպերմարկետների ցանցի սեփականատերը հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+