211652_close_icon
views-count3632 դիտում article-date 10:24 06-02-2015

Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին փաստը բացահայտելու հրահանգը հիմա է տրվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Երեկ մի շարք Ռուսական լրատվամիջոցներ տեղեկությունեեր հրապարակեցին այն մասին, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է սակավամտությամբ (օլիգոֆրենիա): Նկատենք, որ տեղեկությունները, թե Պերմյակովը տառապում է հոգեկան շեղումներով, հայտնվեցին ողբերգության հաջորդ իսկ օրը, ընդ որում, հենց ռուսական պարբերականներում: Եվ այն հանգամանքը, որ ռուսական լրատվամիջոցներն այդ վարկածի ստուգման համար վատնել են ամբողջ քսանչորս օր, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Նրա մասին պատրաստվեցին բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցում Պերմյակովի ընկերները, հարազատներն ու հայրը պատմում էին, թե որքան բարի տղա էր Վալերան, որքան ամաչկոտ: Պերմյակովի հայրն անգամ ասում էր, որ կրտսեր որդին այն աստիճան երկչոտ էր, որ իրենք մտավախություն ունեին՝ արդյոք նա կկարողանա ծառայել բանակում: Սակայն նա, ըստ հոր, ոչ միայն կարողացավ, այլև դա արեց «պատվով»՝օրինակելի ծառայության համար զինվորական հրամանատարությունից պատվոգրի արժանանալով: Ահա, ողջ մեդիան միաձայն աղաղակում է, թե Պերմյակովը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մինչդեռ նկատենք, որ սկզբնական օրերին Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին ենթադրություններ անող ռուսական ՋԼՄ-ները, ցանկության դեպքում, կարող էին շատ արագ պարզել՝ արդյո՞ք Պերմյակովը երբևէ բուժվել է հոգեբուժարանում, թե՛ ոչ: Ի վերջո, եթե դա այդպես էր, ապա ռուսական քարոզչությունը դժվար թե այդ փաստը թաքցնելու որևէ մոտիվացիա ունենար: Եվ այն, որ Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին տեղեկությունները ՋԼՄ-ների միջոցով ներկայացվում է ոճրագործությունից գրեթե մեկ ամիս անց, տեղիք է տալիս ենթադրելու, որ Պերմյակովին «գիժ սարքելու» կամ էլ նրա «գիժ լինելու» փաստը բացահայտելու հրահանգը հիմա է տրվել: Երկու դեպքում էլ կատարված հանցագործությունում Պերմյակովի ներգրավվածության շուրջ կասկածները խորանում են»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր