211652_close_icon
views-count1459 դիտում article-date 22:59 05-02-2015

Ապագա ուսանողները հանդիպել են թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինը կրկին նախաձեռնել էր մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում-դասախոսություն: Այս անգամ դասը վարում էր հենց այդ դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Հարկ է արձանագրել, որ Երևանի Խ. Դաշտենցի անվան համար 114 դպրոցի հետ ԵՊՀ-ն նույնպես ունի համագործակցության պայմանագիր: Թեև անցել են տարիներ, այնուամենայնիվ 1996 թվականին դպրոցն ավարտած արևելագետի համար մինչ օրս շարունակում են վառ մնալ իր դպրոցական տարիներն ու դրանց հետ կապված հիշողությունները: Պարոն Մելքոնյանը հանդիպման սկզբում խոսեց Մայր բուհի կարևոր դերի ու առանձնահատկությունների մասին և հատկանշական համարեց աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ բոլոր բուհերը սերում են հենց ԵՊՀ-ից: Այնուհետև անդրադարձ կատարվեց կրթական մակարդակին ու մեթոդաբանությանը, ֆակուլտետներին ու մասնագիտություններին: Ռուբեն Մելքոնյանը, մանրամասն ներկայացնելով Արևելագիտության ֆակուլտետի բաժիններն ու ամբիոնները, խոսեց նաև մասնագիտությունների մասին: «Ընտրելով Արևելագիտության ֆակուլտետի մասնագիտություններից որևէ մեկը` դուք կարող եք մի շարք ոլորտներում գործունեություն ծավալել: Դրանցից առաջինն ու տարածվածը դիվանագիտությունն է, երբ արևելյան երկրներում հնարավորություն է տրվում ներկայացնելու հայրենիքն ու մշակութային արժեքները: Մեր շրջանավարտների մոտ 40-45%-ն ամեն տարի նախընտրում է հենց այդ ոլորտը: Մեր երկրի նախարարների 50%-ն էլ հենց մեր շրջանավարտներն են: Պակաս կարևոր չէ նաև կրթության, գիտության, տուրիզմի և ռազմական ոլորտները նախընտրող ուսանողների ցանկությունը»,-նշեց պարոն Մելքոնյանը: Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր