211652_close_icon

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Արթիկի շտապօգնության բժիշկները, հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2071 դիտում article-date 18:12 21-08-2025
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության 2 բժիշկների բրիգադան, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև մարել են ավտոմեքենայում և դրան հարակից տարածքում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունները: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Շիրակի մարզի բնակիչներ 21-ամյա Գեորգի Չախոյանն է և 23-ամյա Վազգեն Շահբազյանը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր