211652_close_icon
views-count960 դիտում article-date 19:08 29-01-2015

Նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Լեհաստանում

Հունվարի 27-ին Լեհաստանի Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) պետական թանգարանի և Աուշվիցի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-րդ տարեդարձի միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և 300 փրկվածներ: Մասնավորապես արարողություններին իրենց մասնակցությունն էին բերել Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մալթայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի նախագահները, Բելգիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի վարչապետերը, Շվեդիայի թագուհին և Դանիայի արքայազնը, Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակը, Լատվիայի Սեյմի նախագահը, Իսպանիայի Կոնգրեսի ղեկավարը, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Պորտուգալիայից, Լիտվայից, Լիխտենշտեյնից, Իսրայելից, Իռլանդիայից, Կանադայից նախարարներ, ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Վատիկանի ներկայացուցիչը, մի շարք երկրների դեսպանները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանից միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ուղիղ եթերով տարբեր ԶԼՄ-ների կողմից հեռարձակվող հիմնական արարողությունները տեղի ունեցան Աուշվից-Բիրկենաու ճամբարի Մահվան դարպասի մոտ: Կայացավ նաև մոմավառություն: Հիշեցնենք, որ 1940թ. գերմանացիները կառուցեցին Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարը` որպես լեհերի ազատազրկման վայր: 1942թ.-ից այն դարձավ համակենտրոնացման ամենամեծ ճամբարը հրեաների համար: 1945թ. հունվարի 27-ին ճամբարն ազատագրվեց Կարմիր բանակի կողմից: 1947թ. հուլիսին, շնորհիվ նախկին բանտարկյալների ջանքերի, նախկին Աուշվից I և Աուշվից II Բիրկենաու ճամբարների վայրում ստեղծվեց թանգարանը: Ներկայումս ամեն տարի թանգարան է այցելում մոտ 1,5 միլիոն մարդ ամբողջ աշխարհից: 1979թ. նախկին ճամբարի տարածքը, որպես միակն իր տեսակի մեջ, ներառվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հունվարի 27-ը` Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի հիշատակման միջազգային օր:

Նմանատիպ նյութեր