Անրին մարզչական դասընթացների կհաճախի
Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին մարզչական դասընթացների կհաճախի ՈՒելսում:
Անրին, ով ներկայումս Sky Sports հեռուստաընկերությունում որպես փորձագետ է աշխատում, երբեք չի թաքցրել, որ ցանկանում է մարզիչ դառնալ: «Արսենալ»-ի նախկին խաղացողը մոտակա ժամանակում ՈՒԵՖԱ-ի Բ կարգի լիցենզիայի մարզչական դասընթացների կհաճախի:
Նշվում է, որ եթե Անրին հաջող հանձնի քննությունները և ստանա Բ կարգի լիցենզիա, ապա ամռանը կկարողանա դիմել Ա կարգի լիցենզիա ստանալու համար:
Ավելացնենք, որ Բ կարգի լիցենզիան հնարավորություն է տալիս աշխատել մանկապատանեկան թիմերի հետ: Բ կարգի լիցենզիա ստանալուց եւ առնվազն մեկ տարի ակտիվ մարզչական գործունեություն ծավալելուց հետո, յուրաքանչյուր մարզիչ կարող է մասնակցել որակավորման դասընթացների՝ Ա կարգի լիցենզիա ստանալու համար: Հետագայում Ա կարգի լիցենզիա ունեցող մարզիչները հնարավորություն են ստանում մասնակցելու քննությունների՝ «ՊՌՈ» կարգի լիցենզիա ձեռք բերելու համար: «ՊՌՈ» կարգի լիցենզիան հնարավորություն է տալիս մարզիչներին մարզել յուրաքանչյուր ակումբ եւ յուրաքանչյուր ազգային հավաքական: