211652_close_icon
views-count1157 դիտում article-date 08:38 28-01-2015

Արժանապատվությունը պետք է արժանապատվորեն պահանջել. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին: Մեր հարևան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, և երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ: Այլ ելք չկա՝ հակառակ դեպքում նրանք մեզ կվերացնեն: Դրա համար ունենք պետություն և բանակ, որի տոնն ենք այսօր նշում: Այստեղ ավելորդ «պացիֆիզմը» տեղին չէ՝ թղթե շերեփով ոչ մի ապուր չես վերցնի: Սակայն կարծում եմ, որ ներքին կյանքում պետք է գործեն բոլորովին այլ կանոններ: Բերեմ երկու օրինակ: Բոլորս նկատում ենք, որ մեր հոգևոր սպասավորներից շատերը (հատկապես բարձրաստիճան) բավականաչափ համեստ, զուսպ և ժուժկալ չեն: Արժե՞ դրա մասին խոսել: Իհարկե՝ արժե: Հարցն այն է, թե ինչպես: Եթե դու այդ արատը տարածում ես բոլոր հոգևորականների վրա, եթե անվայել բառեր ես օգտագործում, ապա նրանք սկսում են «պաշտպանվել» ՝ մեղադրելով քեզ, որ դու անհավատ ես կամ աղանդավոր ես, կամ ուզում ես վարկաբեկել Մայր եկեղեցին: Նրանք, ովքեր ցոփ ու շվայտ կյանք էին վարում, շարունակում են դա անել: Ավելի արդյունավետ կլինի, կարծում եմ, խրախուսել նրանց, որ փոխվեն: Ասում եք՝ ոչինչ չի՞ ստացվի: Այսօր՝ գուցե: Իսկ վաղը, 5, 10 տարի հետո՞: Կամ՝ Գյումրիի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսական կողմը մեզ՝ հայաստանցիներիս, նայում է վերևից, արհամարհում է, գուցե ինչ-որ բան է ուզում թաքցնել և հաշվի չի առնում կատարված ոճրագործությանը մեր շատ բնական ռեակցիան: Բնականաբար, մեր պահանջները պետք է ուղղված լինեն մեր իշխանությանը, մեր պետությանը: Կրկին հարց է, թե ինչպես պետք է ձևակերպել այդ պահանջները: Հայհոյանքների, վիրավորանքների դեպքում նրանք սկսում են պաշտպանվել ՝ դուք ուզում եք խաթարել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, հանձնել Հայաստանը թուրքին, դուք գրանտակերներ եք և ամերիկյան գործակալներ: Նման լեզվակռիվը հանգեցնո՞ւմ է մեր իշխանության ավելի արժանապատիվ կեցվածքի՞ն: Կարծում եմ՝ ոչ: Արժանապատվությունը պետք է արժանապատվորեն պահանջել: Այնպես որ՝ ներքին կյանքում «պացիֆիզմը» միանգամայն տեղին է»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր