9470 դիտում
20:21 27-01-2015
Հեղափոխական Նոյերը
2014 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էր նաև Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
Մրցանակաբաշխությունից առաջ բազմաթիվ մասնագետներ նշում էին, որ հենց գերմանացին պետք է արժանանա տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, քանի որ, նրանց կարծիքով, գերմանացի դարպասապահը նախորդ տարվա ընթացքում կարողացավ որոշակի հեղափոխություն կատարել ֆուտբոլում: Նման կարծիք հայտնելու մյուս հիմնավորումը՝ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի փայլուն հաղթանակն էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում:
Մասնավորապես, Նոյերը կարողացավ նոր չափանիշներ սահմանել ինչպես թիմի պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողություններում: Նման կարծիք կիսելու համար նախևառաջ պետք է վերլուծել և հասկանալ Նոյերի գործողությունները խաղադաշտում: Առաջին հայացքից շատերին թվում է, թե Նոյերը խաղադաշտում զբաղվում է արկածախնդրությամբ, սակայն գերմանացու խաղը վերլուծելուց հետո կարելի է գալ այն եզրահանգմանը, որ նա իսկապես կարողացել է հեղաշրջում կատարել իր խաղային դիրքում:
Ինչո՞ւմ է կայանում նրա ֆենոմենը:
Նոյերը հիմնականում գործում է պաշտպաններից ոչ հեռու տարածության վրա: Փաստորեն, Նոյերը ստանձնում է վերջին պաշտպանի` լիբերոյի պարտականությունները՝ փոխօգնության հասնելով խաղընկերներին, տիրելով պաշտպանների գլխավերևով անցնող բոլոր գնդակներին և կասեցնելով մրցակցի հարձակվողների ճեղքումները: Խաղընկերներին փոխօգնության հասնելու նպատակով Նոյերին շատ հաճախ կարելի է տեսնել նույնիսկ կիսադաշտի մոտակայքում: Նոյերի նման գործելաոճը ավելի ցայտուն կերպով դրսևորվեց 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում՝ Ալժիրի հավաքականի հետ կայացած խաղում:
Նման կերպով հաջող խաղալու գլխավոր պայմաններն են`
- խաղը իդեալական կարդալը,
- տարածության և ժամանակի ընկալումը, որոշում կայացնելու քաջությունը,
-ոտքերով խաղալու հիանալի ունակությունը, ընդ որում, հաշվի առնելով ոչ միայն որակյալ փոխանցումներ կատարելը, այլև գնդակ խլելը,
-սառնասրտությունը, կենտրոնացումը, ինքնատիրապետումը և ագրեսիվության վերահսկումը:
Եթե որևէ դարպասապահ իրեն ցանկանում է «Նոյեր» զգալ, ապա պետք է ապավինի վերոնշյալ հատկանիշներին:
Նոյերի նման գործողությունների արդյունքում թիմի կենտրոնական պաշտպանները կարող են ավելի մոտ գտնվել դեպի մրցակցի կիսադաշտը և նույնիսկ միանալ թիմի հարձակվողական գործողություններին:
«Բավարիա»-ում Պեպ Գվարդիոլան բոլոր խաղային դիրքերում իր ենթակայության տակ ունի վարպետ կատարողներ, ինչը մյունխենցիներին թույլ է տալիս միշտ տիրել խաղային նախաձեռնությանը և ապավինել տոտալ ֆուտբոլի:
Քանի որ Նոյերը արդեն համատեղման կարգով պաշտպան է, Պեպը խելամիտ գտավ նոմինալ պաշտպանների թիվը 4-ից կրճատել 3-ի: Ընդ որում, կենտրոնական պաշտպանին առաջ շարժվելու իրավունք է վերապահվում:
Հարձակման ժամանակ եզրային երկու պաշտպանները հայտնվում են հենակետային գոտում, իսկ հենակետային կիսապաշտպանները տեղաշարժվում են եզրեր: Առջևում ստեղծվում է հարձակվողական հնգյակ: Ստացվում է, որ թիմը հարձակվում է 7 խաղացողով, ընդ որում, այդ 7-ից միայն 2-ն են դարպասից համեմատաբար հեռու տարածության վրա գտնվում:
Գերմանացի դարպասապահի նման խաղի արդյունքում թիմի մարտավարությունը ավելի ճկուն է դառնում: Իսկ որքան թիմը ճկուն մարտավարությամբ է հանդես գալիս, այնքան անկանխատեսելի է դառնում մրցակցի համար, իսկ որքան անկանխատեսելի է, այնքան էլ՝ անպարտելի:
Այս ամենը հաշվի առնելով` ակնհայտ է, որ 2014 թվականի արդյունքներով՝ «Ոսկե գնդակի» մրցանակը չի գտել իր իրական հասցեատիրոջը: Իհարկե, Ռոնալդուն և Մեսսին մեծագույն ֆուտբոլիստներ են և դրանում ոչ մի կասկած: Պարզապես, նախորդ տարի նրանք արեցին այն, ինչ անում են սովորաբար՝ խփելով բազմաթիվ գոլեր, սակայն գերմանացին կատարեց այն, ինչը երբեք և ոչ մի դարպասապահ չէր կատարել:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9129 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2
925 դիտում
13:33 13-04-2014
Նոյերը թեթևակի վնասվածք է ստացել
Այս բաժնից
2194 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
1963 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1837 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ