211652_close_icon
views-count1094 դիտում article-date 16:10 27-01-2015

Ինչ միջոցառումներ են սպասվում Ս. Սարգիս զորավարի տոնին՝ Արարատյան Հայրապետական թեմում

Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, հայ զիվորների պաշտպանության, զոհված զինվորների ու Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների համար: Ասուլիսի ընթացքում Տեր Պետրոսը ասաց, որ այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական: Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար: Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք: Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում կկազմակերպվի տոնական համերգ: Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր