211652_close_icon
views-count859 դիտում article-date 19:39 26-01-2015

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ- ները

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։ Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 72 հասարակական կազմակերպություն։ Հայտատուներից 14-ը դիմել են վերարտադրողական առողջությանը վերաբերող, 15-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 43-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերին։ Նշենք, որ դիմած հասարակական կազմակերպությունների մեծ մասը մարզային են։ Հատկապես մեծ թիվ են կազմում Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերը ներկայացնող ՀԿ-ները։ Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում մեծ թվով հայտերի առկայությունը նախեւառաջ պայմանավորում է 2015-ի խորհրդով։ «Բացի այդ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագիրը եւ դրա շրջանակներում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերը որոշ չափով զարկ տվեցին համապատասխան ծրագրերի մշակմանը։ Այսօր դիմած կազմակերպությունների մի մասն արդեն նախորդ տարիներին ստացել են դրամաշնորհ եւ որոշակի հմտություններ ունեն, մյուս մասն էլ ՀԿ-ներ են, որոնք թեեւ դրամաշնորհ չեն ստացել, սակայն աչքի առաջ հաջողված օրինակներ ունեն։ Հույս ունեմ, որ 2015 թվականից հետո էլ հասարակական դաշտը կշարունակի ծրագրեր իրականացնել այս ոլորտում»,- նշեց Սուրեն Մանուկյանը։ Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կծանոթանան ծրագրային հայտերի բովանդակությանը, կանցկացվեն քննարկումներ, այնուհետեւ կորոշվեն հաղթողները։

Նմանատիպ նյութեր