211652_close_icon
views-count2323 դիտում article-date 17:10 26-01-2015

Վարդան Պետրոսյանը իր վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց

Դերասան Վարդան Պետրոսյանը այսօր` հունվարի 26-ին, իրեն տրված վերջին խոսքում ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա՝ կատարվածը դժբախտ պատահար է: Իսկ տուժող կողմի վիրավորանքներին նախընտրեց չպատասխանել: Սույն գործով դատավճիռը կհրապարակվի հաջորդ դատական նիստում` հունվարի 29-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր՝ հունվարի 23-ի ճառում հայտարարել էր, որ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: «Այստեղ անգամ օբյեկտիվության նշույլ չկա»,- ընդգծել էր պաշտպանը: Իր հերթին դերասանի մյուս պաշտպանը՝ Մարի Լոռ Դոզեն, ասել էր, որ հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի է հետեւել: «Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»,-ասել էր նա: Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ էին հնչել, ինչը զայրացրել էր տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելել էին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան էին բորբոքվել, որ հեռացել էին նիստերի դահլիճից: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր